Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նեպալը հրաժարվել է մի շարք երկրների՝ որոնողափրկարարական խմբեր ուղարկելու առաջարկից՝ 469 մարդու կյանք խլած ավերիչ ջրհեղեղից հետո օգնություն ցուցաբերելու նպատակով։ Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ սեփական ուժային կառույցներն ի վիճակի են հաղթահարել նման գործողությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Kathmandu Post (KP) թերթին։
Հանրապետության ԱԳՆ հայտարարության համաձայն՝ նման առաջարկները լիովին բնական են։ Սակայն նեպալյան ուժային կառույցները որոնողափրկարարական գործողություններ են իրականացնում, և այժմ նման օգնության կարիք չկա, ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Կառավարությունը նման որոշում է կայացրել Նեպալի բանակի և ոստիկանության հանձնարարականով, նշում է KP-ն։ Նեպալցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ հաշվի է առնվել 2015 թվականի երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքների անցկացման փորձը, երբ օտարերկրյա փրկարարների ներհոսքը և երկրների միջև մրցակցությունը համակարգման և կառավարման զգալի խնդիրներ առաջացրեցին։
Նեպալի արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ արտակարգ արձագանքման խումբ է ձևավորել՝ ջրհեղեղի հետևանքով տուժած կամ անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների որոնումն ու փրկությունը համակարգելու համար։ Խումբը տեղեկություններ է հավաքում պատահարի գոտում հայտնված օտարերկրյա քաղաքացիների մասին, փոխգործակցում է պրոֆիլային գերատեսչությունների հետ և ապահովում ստուգված տեղեկատվության փոխանցումը նրանց ընտանիքներին ու դիվանագիտական ներկայացուցչություններին։
Հիշեցնենք, որ Ջրհեղեղի հզոր ալիքը Նեպալի հյուսիսային շրջաններին հարվածել է չորեքշաբթի առավոտյան։ Նախնական տվյալներով՝ հեղեղատարը ձևավորվել է Նեպալի և Չինաստանի սահմանին՝ «Ռասուվագադհի» սահմանային անցակետից մոտ 20 կմ հյուսիս-արևելք ձնահյուսքի փլուզման հետևանքով։
Որոնողափրկարարական գործողությանը մասնակցում է անվտանգության ծառայությունների 13,295 աշխատակից՝ Նեպալի բանակի, զինված ոստիկանական ուժերի և ոստիկանության կազմից։ Անհետ կորած է համարվում ավելի քան 1,000 մարդ, ավելի քան 3,200-ը փրկվել են։