«ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները առաջիկա չորս-հինգ տարում չեն լինի այնպիսին, ինչպիսին Թրամփի կառավարման ժամանակաշրջանում էին: Ավելի պայթյունավտանգ են լինելու ռազմական գործողություններով, ավելի ճնշող է լինելու Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը, որովհետև ԱՄՆ-ը փորձելու է օգտագործել Թուրքիայի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական բազաները: Թրամփի նախագահության օրոք դրանք չօգտագործվեցին իրենց ամբողջ ներուժով: Այս դեպքում օգտագործվելու են, և հենց ռազմաբազաների թեմաների վրա էլ տեղի կունենան որոշակի անդրկուլիսյան բախումներ Թուրքիայի հետ»,-  ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ պատասխանելով Araratnews.am-ի հարցին, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի իշխանության ժամանակ ինչպես կզարգանան որպես ՆԱՏՕ անդամ երկրներ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները` չբացառելով, որ հնարավոր է Էրդողանի քաղաքական վախճան հենց Բայդենի քաղաքականության շրջանում, որովհետև մի քիչ դժվար է Էրդողան-Բայդեն համագործակցությունը կամ փոխըմբռնումը:

 

«Մինչ անձերին անդրադառնալը ուզում եմ փաստել, որ ԱՄՆ-ում համակարգ է փոխվել: Եթե Թրամփի համակարգը կամ թիմը վարում էր հիմնականում «իզալյացիոն» քաղաքականություն, այսինքն՝ ինքնամեկուսանում էր տարածաշրջանից, ապա Բայդենի և նրա թիմի քաղաքականությունը լրիվ այլ է»,- ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ Բայդենի թիմը փորձելու է տարածաշրջանում կրկին ակտիվ ներգրավվածություն ունենալ:

 

Araratnews.am-ին հետաքրքրեց՝ ինչի՞ հիման վրա է փորձագետն այդքան համոզված, թե դժվար կլինի ԱՄՆ-Թուրքիա ներկայիս ղեկավարների համագործակցությունը: «Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, միևնույն է, վարում է առանձին ռազմաքաղաքական  քաղաքականություն, և դա, ի վերջո, հանգեցնելու է նրան, որ Թուրքիան կամ պետք է ընտրի ՆԱՏՕ-ից դուրս գալու ճանապարհը, կամ պետք է գնա ՆԱՏՕ-ի հետ միասին»,- նշում է փորձագետը, նկատելով, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշ ժամանակ հետո պետք է հստակեցնի, քանի որ ԱՄՆ-ը կդնի այդպիսի պահանջ: «Այս դեպքում Էրդողանի քաղաքականությունը մենք գիտենք: Ինքը վարում է բավականին ագրեսոր քաղաքականություն և նույնիսկ ոչ միայն ռազմական, այլև արտաքին քաղաքականությունը նույնպես ագրեսոր է: Նրա բառամթերքը դրա վկայությունն է»,- ասաց Հովհաննիսյանը, համոզմունք հայտնելով, որ Էրդողան-Բայդեն համագործակցությունը տեղի չի ունենա:

 

Ըստ փորձագետի, Էրդողանի բացահայտ ագրեսիան ԱՄՆ-ի դեմ նպատակ է հետապնդում, որ Թուրքիան ցանկանում է գերտերությունների հետ նստել նույն սեղանի շուրջ` հավասարը հավասարին սկզբունքով: «Թուրքիան այժմ արդեն բացահայտ ցույց է տալիս, որ ցանկանում է գերտերությունների հետ թեկուզ դիվանագիտական հակամարտության մեջ մտնելով, աշխարհում ևս դառնա թելադրող կողմ, դառնա այնպիսի երկիր, ինչպիսն ԱՄՆ-ն է, Ռուսաստանը»:

 

Մեր հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ կշարունակի պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը, Կարեն Հովհաննիսյանը հակադարձեց, որ այդ պատժամիջոցները ամենևին պատժամիջոցներ չէին, այլ փոքրիկ դիվանագիտական ապտակներ. «Բայդենի պարագայում ավելի խորքային եմ տեսնում: Ես չեմ բացառում, որ Բայդենը համագործակցելու է քրդերի հետ և ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու Թուրքիայի համար, քան տնտեսական կամ մնացած տեսակի պատժամիջոցներն են»,- զրույցի վերջում ասաց ռազմական փորձագետը:

 

Հայկ Մագոյան

 

 

 

 

29 Հունվար, 2021 13:55
957
; ;