Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բիշքեկում տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հոբելյանական գագաթնաժողովը աչքի ընկավ երկկողմ և բազմակողմ հանդիպումներով, բազմաթիվ քննարկված հարցերով և 28 ստորագրված փաստաթղթով․ այն ոչ միայն ամփոփեց կազմակերպության անցած 25 տարիները, այլև ուրվագծեց աշխարհակարգ, որի ձևավորման գործընթացում ՇՀԿ-ն իրեն տեսնում է որպես առանցքային դերակատար։

«ՇՀԿ-ի 25 տարի. կայունության ամրապնդում, համագործակցության ընդլայնում, հետագա համատեղ զարգացման ուղղությամբ» կարգախոսով անցկացված գագաթնաժողովի առանցքային մեխը ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգն էր։ ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների ելույթներում այն ներկայացվեց որպես ավելի հավասարակշռված և միջազգային իրավունքի վրա հիմնված համակարգ, որը հակադրվում է միակողմանի պատժամիջոցներին, ուժային ճնշմանը և բլոկային հակադրությանը։

Ղրղզստանի նախագահ Ժապարովն ամփոփիչ ելույթում շեշտեց, որ արդար աշխարհակարգը պետք է հիմնված լինի պետությունների ինքնիշխան ընտրության հարգանքի, միջազգային պարտավորությունների կատարման և երկխոսության վրա։ Չինաստանի նախագահ Ծինփինը հայտարարեց, որ «Գլոբալ Հարավի» աճը փոխել է ուժերի հարաբերակցությունը, իսկ բազմաբևեռ աշխարհի ձևավորումը դարձել է «անշրջելի պատմական գործընթաց»։ Անշրջելի լինելու մասին շեշտեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «ՇՀԿ պլյուս» ձևաչափում, նշելով, որ աշխարհում ձևավորվում է «նոր, իսկապես արդար, բազմաբևեռ աշխարհակարգ»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բազմաբևեռությունը դիտարկեց նաև որպես արևմտյան պատժամիջոցների և միակողմանի ճնշումների ազդեցությունը նվազեցնելու միջոց՝ ընդգծելով ազգային արժույթներով հաշվարկների ընդլայնման անհրաժեշտությունը։ Այս գաղափարն ի վերջո ամրագրվեց նաև երկրների կողմից ստորագրված Բիշքեկի հռչակագրում, որտեղ ՇՀԿ անդամները վերահաստատեցին իրենց աջակցությունը ներկայացուցչական և արդար բազմաբևեռ համակարգի ձևավորմանը։

Աշխարհի բնակչության գրեթե կեսը ներկայացնող ՇՀԿ-ն այս ամենով ազդանշան ուղարկեց Արևմուտքին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Արևմուտքի գերիշխանությունը անցյալում է։ Չնայած դրան կազմակերպության անդամներն ունեն էապես տարբեր շահեր և հաճախ մրցակցային հարաբերություններ, որպեսզի դառնան մեկ ընդհանուր հակաարևմտյան դաշինքն և նման կերպ այն անվանլեը շատ պարզեցված մոտեցում է․ այս դաշինքը անդամ երկրներին տալիս է միջազգային համակարգում ավելի մեծ ինքնուրույնության, քաղաքական մանևր և արտաքին ուժային մեկ կենտրոններից կախվածության նվազեցում։

ՇՀԿ-ն ինքն իրեն չի էլ համարում ռազմաքաղաքական դաշինք և հայտարարում՝ այն ուղղված չէ որևէ պետության կամ միջազգային կազմակերպության դեմ։

Այս համատեքստում ուշագրավ է Հնդկաստանի դիրքորոշումը. երկիրը ՇՀԿ-ի շրջանակներում համագործակցում է Չինաստանի և Ռուսաստանի հետ, սակայն միաժամանակ խորացնում է հարաբերությունները ԱՄՆ-ի և արևմտյան այլ գործընկերների հետ։ Երկիրը չի դիրքավորվում որպես Արևմուտքի հակառակորդ, այլ ՇՀԿ-ն դիտարկում է որպես ռազմավարական ինքնավարության և տնտեսական դիվերսիֆիկացիայի գործիք։ Կազմակերպությունում Հնդկաստանը պահում է նաև հավասարակշռություն Չինաստան-Պակիստան տանդեմի հետ՝ հակակշռելով Չինաստանի ճնշող տնտեսական և քաղաքական գերիշխանությանը և փորձելով կանխել ՇՀԿ-ի՝ ամբողջությամբ չինական միջուկով կառույց դառնալը։

Հատկանշական է, որ Հնդկաստանն ու Պակիստանը՝ երկու միջուկային երկրներ, որոնք գտնվում են մշտական լարվածության մեջ, նույն կառույցում են։ Ճիշտե է, Բիշքեկի գագաթնաժողովի հռչակագիրը պաշտոնապեսչի ներառել նոր, արմատական և իրավաբանորեն պարտավորեցնող մեխանիզմ, որը կկարողանա կանխել երկու երկրների միջև ուղիղ ռազմական բախումները Քաշմիրի հետ կապված. այնուամենայնիվ, այն հարթակ է երկու երկրների համար երկխոսության համար։ Սրա լավագույն օրինակը «ՇՀԿ պլյուս»-ի անդամ Հայաստանը և Ադրբեջանն են, որոնք Բիշքեկում հանդիպում ունեցան՝ քննարկելու խաղաղության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ 

Հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում նաև Թուրքիան, որը «ՇՀԿ պլյուս» ձևաչափի անդամ է, սակայն երկիրը պահպանում է Արևմուտքի հետ իր ավանդական կապերը՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ և միաժամանակ ամրապնդելով իր ազդեցությունը Եվրասիայում։

Այս համատեքստում հատկանշական է նաև «ՇՀԿ պլյուս» ձևաչափի զարգացումը։ Այն ընդլայնում է կազմակերպության շրջանակը՝ հնարավորություն տալով անդամ չհանդիսացող պետություններին և այլ տարածաշրջանային դերակատարների ներգրավվել քննարկումներում և համագործակցության տարբեր ուղղություններում։ Այս ձևաչափը կարևոր է հատկապես այն պատճառով, որ ՇՀԿ ազդեցությունը կարող է մեծանալ ոչ միայն նոր լիիրավ անդամների ընդունման, այլև ավելի լայն գործընկերային ցանցի ձևավորման միջոցով։ Արդյունքում կազմակերպությունը կարող է աստիճանաբար ստեղծել քաղաքական, տնտեսական և անվտանգային փոխկապակցվածության ավելի լայն եվրասիական տարածք։

Գագաթնաժողովում ավելի նուրբ թեմաներից էին անդամ երկրների ակտիվ ռազմական գործողություններում գտնվելը, մասնավորապես՝ Իրանի պարագան։ Կազմակերպության անդամները վերահաստատեցին Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը՝ ընդգծելով հակամարտությունների քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը։

Իրանի հարցը, քաղաքական համատեքստից զատ, ՇՀԿ-ի համար ունի նաև տնտեսական ասպեկտներ։ Իրանի հետ պատերազմը խաթարեց ավանդական ուղիները և տարածաշրջանային տնտեսական հնարավորությունների արագ ընդլայնման հեռանկարները, ինչը առաջ է մղում այլընտրանքային ուղիների և նոր լոգիստիկ հնարավորությունների ստեղծման կարևորությունը։ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը ցույց տվեց տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացիայի կարևորությունը․ հենց սրա արդյունքում 2026–2030 թվականների գործողությունների ծրագիրը նախատեսում է համագործակցության խորացում նավահանգիստների և լոգիստիկ կենտրոնների զարգացման, առևտրային խոչընդոտների նվազեցման և մուտքի ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ։

Անվտանգության օրակարգում անդրադարձ եղավ նաև Աֆղանստանին։ ՇՀԿ-ն կարևորեց երկրում ներառական կառավարման ձևավորումը։

Բիշքեկի գագաթնաժողովի մյուս առանցքային ուղղությունը տնտեսական և ֆինանսական համագործակցության խորացումն էր։ ՇՀԿ-ն շարունակեց քննարկել Զարգացման բանկի ստեղծման հարցը՝ այն դիտարկելով որպես կազմակերպության ներսում ներդրումային և ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման հնարավոր գործիք։ ՌԴ նախագահ Պուտինը շեշտեց՝ այն պետք է գործի հնարավորինս անկախ արևմտյան ֆինանսական մեխանիզմներից, որոնք օգտագործվում են որպես տնտեսական զենք։ Միաժամանակ մեծ ուշադրություն է դարձվում ազգային արժույթներով հաշվարկների ընդլայնմանը և ֆինանսական համակարգերի փոխգործունակությանը։

ՇՀԿ անդամները վերահաստատեցին նաև միջուկային զենքի չտարածման ռեժիմին աջակցությունը՝ ընդգծելով խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման պետությունների իրավունքը, ինչպես նաև անդրադարձան տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքի կանխման անհրաժեշտությանը։

Քննարկվեց նաև ահաբեկչության, ծայրահեղականության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը՝ միաժամանակ ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարում «երկակի ստանդարտների» անընդունելիությունը։

Անվտանգության ոլորտում Բիշքեկի գագաթնաժողովում հաստատվեց Տաշքենդում գործող ՇՀԿ Համընդհանուր կենտրոնի և Դուշանբեում ստեղծվող Թմրամիջոցների դեմ պայքարի կենտրոնի գործունեությունը կարգավորող փաստաթղթերը։

Միաժամանակ որոշվեց Բիշքեկում գործարկել անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոն, որը կգործի Տաշքենդի Համընդհանուր կենտրոնի կառուցվածքում և կդառնա ՇՀԿ-ի առաջին մշտապես գործող կառույցը Ղրղզստանի տարածքում։

Առաջնորդներն ընդունեցին արհեստական ​​բանականության, կլիմայի, էներգետիկայի և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր և Աֆրիկյան Միության հետ համագործակցությունը զարգացնելու որոշում։

Այս ամենը վկայում է՝ ՇՀԿ-ն այլևս պարզապես հռչակագրեր ընդունող առաջնորդների գագաթնաժողով չէ, այլ բազմաչափ պաշտպանական կառույց, որն ամրապնդում է սեփական անվտանգությունը իրավական և գործառնական ինստիտուցիոնալ մեխանիզմների միջոցով։

ՇՀԿ-ի ընդլայնումն ու դրա շուրջ տնտեսական և անվտանգային համագործակցության խորացումը կարող են սահմանափակել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ազդեցությունը Ասիայում։ Այս միտումը ամեն դեպքում մարտահրավեր է ԱՄՆ-ի գլխավորած Հնդկա-խաղաղօվկիանոսյան ճարտարապետությանը և ինչ-ինչ կետերով հակադրությունը ՆԱՏՕ-ի, QUAD և AUKUS-ի հետ։

ՇՀԿ-ն կարող է դառնալ ոչ թե կոշտ հակաարևմտյան «բլոկ», այլ ձևավորվող Եվրասիական հավհանոց՝ պետությունների տնտեսական, անվտանգային և քաղաքական փոխկապակցվածության համակարգ, որը նվազեցնում է արտաքին ուժային կենտրոններից կախվածությունը և մեծացնում անդամների ռազմավարական ինքնուրույնությունը։

ՇՀԿ-ն, որը ստեղծվել էր որպես ժամանակավոր տարածաշրջանային հարթակ՝ բացառապես սահմանային վեճերը լուծելու և Խորհրդային Միության փլուզումից հետո Կենտրոնական Ասիայում ձևավորված անվտանգության վակուումը լրացնելու համար, ցույց տվեց չափազանց ճկուն և կայուն գործունեություն համաշխարհային քաղաքականության մեջ։

Այսօր այն վերածվել է հսկայական հետհեգեմոնական ուժի կենտրոնի, որը ներկայացնում է աշխարհի բնակչության ավելի քան 40%-ը, աշխարհի աշխարհագրական տարածքի մեկ երրորդը և համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես մեկ քառորդը։

 

 

 

 

 

 

151