Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինան ծրագրել էր ահաբեկչական գործողություններ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ։ Անվտանգության ծառայությունները ձերբակալել են Ռուսաստանի 45-ամյա քաղաքացու, որն աշխատում էր դեսպանատան անվտանգության ծառայությունում և, ինչպես պարզվել է, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալ էր։ Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։

Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն)։ Ըստ ռուսական անվտանգության ծառայության տվյալների՝ Կիևը ծրագրել էր օգտագործել գործակալի տրամադրած տեղեկատվությունը՝ Մոսկվայում բրիտանացի դեսպանի և դիվանագետների դեմ դիվերսիոն գործողություններ ու ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով։

Այդ քայլերով Ուկրաինան մտադիր էր Մեծ Բրիտանիային ներքաշել Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության մեջ և լրացուցիչ սպառազինություն ստանալ։

ԱԴԾ-ն հայտնել է, որ ձերբակալված քաղաքացին տեղեկություններ էր հավաքում բրիտանական դեսպանատան վերաբերյալ՝ ուկրաինացի բլոգեր Դմիտրի Կարպենկոյի ցուցումով։ Դրանք, մասնավորապես, ներառում էին տվյալներ դիվանագետների բնակության հասցեների և դեսպանատան անվտանգության համակարգերի վերաբերյալ։

Ներկայում Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Նայջել Քեյսին։

134