Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառից այսօր մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցափուլը, որը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար։ 

Մրցաշարի մեկնարկն ազդարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մեկնարկից առաջ նախարարը զրուցել է հեծանվորդների հետ և հաջողություն մաղթել նրանց. «Սա պատմական օր է մեզ համար: Նման փորձ մեր պետությունը երբևէ չի ունեցել․ այս մեծ նախագծին մենք պատրաստվել ենք շուրջ երկու տարի։ Կարևոր քայլ ենք կատարում պրոֆեսիոնալ հեծանվասպորտի զարգացման ուղղությամբ, որի արդյունքները, հուսով եմ, կտեսնենք ամեն տարի՝ նպաստելով նաև երկրի միջազգային ճանաչելիության և տեսանելիության բարձրացմանը։ Վստահ եմ՝ չորս օր հետո Հանրապետության հրապարակում ամփոփելով «Tour of Armenia»-ն՝  կկարողանանք արձանագրել, որ հաջողությամբ անցկացրել ենք պատմական մրցաշարը և բավարար փորձ ու գիտելիք կուտակել։ Միջազգային հեղինակավոր հարթակներում ներկայացնելով «Tour of Armenia» մրցաշարը՝ մենք ոչ միայն հեծանվային սպորտն ենք տեսանելի դարձնում, այլև մեր երկիրը, համայնքները, պատմամշակութային ժառանգությունը, մարդկանց ու բնապատկերները։ Սա նաև մեր երկրի զբոսաշրջային գրավչության մեծացման և միջազգային տեսանելիության բարձրացման համար առանցքային ու ռազմավարական քայլ է»։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է միջազգային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ մրցաշարը սպասարկող անձնակազմը հավաստագրված և լիցենզավորված է։

«Սա նշանակում է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին և ցույց է տալիս, որ մեր երկիրը ևս մեկ կարևոր նվաճում է գրանցել իր սպորտային պատմության մեջ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

«Tour of Armenia»-ն հեռարձակվում է Եվրոպայում՝  HBO Max, ԱՄՆ-ում՝ FloSports, Հարավային Ամերիկայում՝ Disney Plus, Կենտրոնական Ամերիկայում՝ ESPN, Չինաստանում՝ Zhibo TV, Ռուսաստանում՝ Okko, իսկ Հարավային Կորեայում՝ SBS և SPOTV և այլ միջազգային հարթակներով։

Առաջին օրվա երթուղին ավարտվել է Մեծ Մասրիկում՝ անցնելով Սևանա լճի ափերով և ընդգրկելով ընդհանուր 135 կմ տարածություն։

Մրցաշարի տարբեր դասակարգումների առաջատարները կստանան «Alé Cycling» ընկերության մշակած չորս անվանական շապիկները, որոնց ձևավորման հիմքում հայկական խորհրդանիշներն ու մշակութային մոտիվներն են։ Առաջին մրցափուլում հաղթած հեծանվորդը կստանա ընդհանուր հաշվարկի առաջատարի կարմիր շապիկը։ Դրա դիմային հատվածում պատկերված է հայկական Հավերժության նշանը, իսկ մեջքին՝ Հայաստանի ոճավորված քարտեզը։

Մեկնարկող 16 թիմերի շարքում է նաև Հայաստանը ներկայացնող թիմը։ Մրցաշարը կտևի չորս օր, որի ընթացքում մասնակիցները Հայաստանում կանցնեն ավելի քան 500 կմ ճանապարհ։

Մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը: 

Մրցաշարի ժամանակացույցը՝

  • սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ
  • սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան
  • սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)
  • սեպտեմբերի 13՝ Երևան:
88