Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու և դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու համար մեղադրվող՝ «Արմենիկում» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Մ.-ն, 1998-ից 2023 թվականների ընթացքում հանդիսանալով «Արմենիկում» ՓԲ ընկերության տնօրենը, առանց ընկերության բաժնետերերի ժողով հրավիրելու, կազմել է «Արմենիկում+» ՓԲ ընկերության բաժնետերերի ժողովի կեղծ արձանագրություն: Ա.Մ.-ն արձանագրության մեջ ներառել է Ընկերության բաժնետերերի մասնակցության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, արձանագրությունը ներկայացրել է իրավասու պետական մարմին և ապօրինի եղանակով ստանձնել «Արմենիկում+» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները:
Այնուհետև, Ա.Մ.-ն, Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված և 100 տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու նախնական դիտավորությամբ, հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ կեղծ ապացույցների հիման վրա՝ ֆինանսական գործառնությունները իրական և հիմնավոր ներկայացնելու նպատակով, պետությունից հօգուտ «Արմենիկում+» ՓԲ ընկերության 1 միլիարդ 500 միլիոն 770 հազար դրամ բռնագանձելու պահանջով, փաստաբանի միջոցով, 2025 թվականի նոյեմբերի 27-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան:
Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Մ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 44-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 479-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:
Նշենք, որ ի թիվս վարութային այլ գործողությունների, նախաքննության ընթացքում Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որոնցով հիմնավորվել են մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները:
Դատախազության կողմից գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ՝ «Արմենիկում+» ՓԲ ընկերության տնօրենի գրանցումը և քաղաքացիական գործով ներկայացված ապացույցները ոչ իրավաչափ ճանաչելու գործընթաց իրականացնելու վերաբերյալ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: