Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Հռոմում կազմակերպել է երաժշտությանը, մշակույթին և հայ-իտալական երկխոսությանը նվիրված հատուկ երեկո։
Հռոմի սրտում, Սուրբ աթոռի հարևանությամբ գտնվող Իտալիայի լավագույն մշակութային հարթակներից մեկում՝ «Աուդիտորիում Կոնչիլիացիոնե» (Auditorium Conciliazione) համերգասրահում, տեղի է ունեցել շքեղ համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35 ամյակին։
«Երեկոյին հնչեցին Ա․Խաչատուրյանի, Ա․Բաբաջանյանի, Կոմիտասի, Ազնավուրի, ինչպես նաև Ն․Ռոտայի, Է․ Մորրիկոնեի, Ս․ Չիպրիանիի, Ա․ Տրովայոլիի և Ռ․ Օրտոլանիի ստեղծագործությունները։ Միջոցառմանը ներկա էին Իտալիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, Իտալիայում բնակվող հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Իտալիայի հասարակական և մշակույթի գործիչներ, գիտնականներ, ինչպես նաև Հայաստանի բարեկամ իտալացի բազմաթիվ հյուրեր։

Շուրջ 1500 հանդիսատես հյուրընկալող դահլիճը լեփ-լեցուն էր։ Հանդիսավոր երեկոն բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ ժողովրդական նոր մանդատով օժտված Հայաստանի Հանրապետության իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն առաջ են մղում երկրում և տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման քաղաքականությունը։
Նա նաւ ասաց, որ Հայաստանի կայուն առաջընթացի հիմնասյունը ժողովրդավարական ինստիտուտներն ու օրենքի գերակայությունն են։
Դեսպանն անդրադարձավ նաև երկրի տնտեսական ռազմավարությանը, նշելով, որ Հայաստանն այսօր բաց է նոր շուկաների և գործընկերների համար։
Անդրադառնալով հայ-իտալական երկկողմ հարաբերություններին դեսպանը ընդգծեց Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան կատարած այցի կարևորությունը։ Դեսպանը նաև անդրադարձավ օրերս Երևանում Իտալիայի փոխարտգործնախարար Էդմոնդո Չիրիելլիի գլխավորած պատվիրակության արդյունավետ հանդիպումներին։

Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկավ Իտալիայի պատգամավորների պալատի անդամ, հայ–իտալական բարեկամական խմբի ղեկավար, նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջուլիո Չենտեմերոն։ Նա նույնպես խոսեց տարածաշրջանում հաստատված խաղաղության մասին, նշելով վարչապետ Փաշինյանի ցուցաբերած վճռականությունն ու հետևողականությունը:
Նա հայտնեց նաև Իտալիայի աջակցության խաղաղության ամրապնդմանն ուղղված ամեն տեսակի նախաձեռնություններին: Համերգին հաջորդեց ընդունելություն, որի ընթացքում հյուրերին մատուցվեցին հայկական ազգային խոհանոցի ավանդական ուտեստներ՝ ներկայացնելով հայկական խոհարարական հարուստ ժառանգությունը»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ: