Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ Խորհուրդն այսօր պաշտոնապես հաստատել է հայկական արտադրանքի նկատմամբ ժամանակավոր առևտրային ազատականացման միջոցառումները՝ Հայաստանի տնտեսությանը աջակցելու նպատակով։ Այս միջոցառումների շրջանակում ԵՄ արտահանվող հայկական արտադրանքի շուրջ 80%-ի նկատմամբ առևտրային ռեժիմը կազատականացվի՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերը ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Այս ժամանակավոր արտոնյալ ռեժիմը կգործի երկու տարի ժամկետով, հայտնում է Եվրոպական միության Խորհրդի պաշտոնական կայքը։

Այս ժամանակավոր միջոցառումները կնպաստեն Հայաստանից ԵՄ առևտրային հոսքերի պահպանմանն ու ամրապնդմանը՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) նպատակներին համապատասխան։ Արտոնյալ ռեժիմը նախատեսում է որոշակի պայմաններ, այն ներառում է նաև պաշտպանական միջոցներ (safeguard measures)՝ ներմուծման հետևանքով ԵՄ արտադրողների վրա բացասական ազդեցության դեպքում ԵՄ շուկան պաշտպանելու համար։

Այս վերջնական ընդունմանը նախորդել էր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում Հանձնաժողովի առաջարկի վերաբերյալ դրական քվեարկությունը՝ առանց փոփոխությունների։

Կայքում նշվում է, որ հաջորդ քայլով կանոնակարգը կստորագրվի և կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ Այն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը և կկիրառվի ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարի ժամկետով։

71