Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մեկնարկել է «Արժևորելով կենսազանգվածը․ սոցիալական վերափոխման արագացում հանուն շրջանաձև կենսատնտեսության զարգացման» ծրագիրը։

Ծրագիրը միտված է աջակցելու Հայաստանին՝ կրճատելու օրգանական թափոնները, նվազեցնելու սննդամթերքի կորուստները և մեթանի արտանետումները՝ գործնական և համայնքահեն լուծումների միջոցով։

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը նշել է, որ օրգանական թափոնների կառավարումը ոչ միայն համայնքային կառավարման, այլև կլիմայական կարևոր խնդիր է՝ ընդգծելով մեթանի արտանետումների կրճատման նշանակությունը։ Նրա խոսքով՝ ծրագրի կարևոր արդյունքներից պետք է լինեն այնպիսի գործնական լուծումները, որոնք հնարավոր կլինի տարածել նաև այլ մարզերում և ներառել ազգային համակարգերում։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև առաջիկայում Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ընդգծելով, որ կենսաբազմազանությունը, կլիման, պարենային համակարգերը և թափոնների կառավարումը սերտորեն փոխկապակցված են, իսկ համայնքային մակարդակում իրականացվող ծրագրերն այդ կապերը գործնականում կյանքի կոչելու կարևոր հարթակ են։

Ծրագիրը կիրականացվի ազգային մակարդակով՝ թիրախավորելով Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը։

Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում նախատեսվում է աջակցել օրգանական թափոնների տեսակավորման և ապակենտրոնացված մշակման համակարգերի ներդրմանը կամ բարելավմանը, իսկ Սյունիքում՝ սառը շղթայի լուծումների միջոցով նվազեցնել բերքահավաքից հետո սննդամթերքի կորուստները։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ձևավորել 10 ուսումնառող համայնքներից բաղկացած ազգային ցանց, որը հնարավորություն կտա ծրագրի շրջանակում փորձարկված լուծումները ուսումնասիրել, գնահատել և հետագայում կրկնօրինակել այլ համայնքներում։

96