Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI համարների գրանցման մասին օրենսդրական նախագիծը կլրամշակվի։ Կառավարությունը մտադիր է մինչև երկու ամսում Ազգային ժողով ներկայացնել քննարկման համար ավելի պատրաստ տարբերակ։

Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։

«Ինչո՞ւ ենք հետաձգում՝ երևի դրանից սկսեմ։ Հիմնական խնդիրը, որը գործադիրն ուզում է լուծել այս նախաձեռնությամբ, ստվերային շրջանառության դեմ պայքարն է։ Այսինքն՝ ֆիսկալ խնդրի լուծման անհրաժեշտություն ենք տեսնում»,– ասել է նախարարը։

Թադևոսյանի խոսքով՝ նախագծում հարկավոր է ավելի հստակ սահմանել կիրառվող եզրույթները և կարգավորման տեխնիկական կողմը։ Նա նշել է, որ կծանոթանա պատգամավորների դիտողություններին․

«Շնորհակալ եմ այս հնարավորության համար՝ ևս երկու ամիս աշխատելու օրենքի նախագծի վրա։ Համոզված եմ՝ մյուս տարբերակը, որы ձեզ կներկայացնենք, էապես ավելի հստակ և կիրառելի կլինի այն խնդրի լուծման համար, որը օրենքը կոչված է լուծելու»։

Նախարարը նաև ներկայացրել է նախաձեռնության հիմնական գաղափարը. նախատեսվում է բջջային կապի օպերատորների մասնակցությամբ ստեղծել կազմակերպություն, որը կկառավարի հեռախոսների IMEI համարների շտեմարանը։ Այդ համարները թույլ կտան նույնականացնել սարքերը և տարբերակել օրինական ճանապարհով ներմուծված հեռախոսները։ Թադևոսյանը կրկնել է, որ հնարավոր սահմանափակումների կիրառման պայմանները դեռ պետք է հստակեցվեն։

Կառավարությունը հունիսի 25-ին հավանություն էր տվել IMEI համարների միասնական գրանցման համակարգ ներդնելու նախագծին՝ դրա նպատակների թվում նշելով չմաքսազերծված և կեղծ կամ փոփոխված նույնականացուցիչներով հեռախոսների շրջանառության դեմ պայքարը։

 

115