Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 7-9-ը աշխատանքային այց է կատարել Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաք, որի շրջանակում այցելել է Barcelona Supercomputing Center (BSC-CNS) և հանդիպումներ ունեցել տեխնոլոգիական, գիտահետազոտական ու ներդրումային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Բարսելոնայի գերհամակարգչային կենտրոնում ներկայացվել են Եվրոպայի առաջատար գերհամակարգչային ենթակառուցվածքներից մեկը՝ MareNostrum 5-ը, և դրա հետ ինտեգրված երեք քվանտային համակարգիչները։ Դրանցից նորագույնը՝ EuroQCS-Spain-ը, գործարկվել է 2026 թվականին։ Համակարգը հնարավորություն է տալիս մեկ ենթակառուցվածքի շրջանակում համատեղելու դասական գերհամակարգչային, արհեստական բանականության և քվանտային հաշվարկները։

Քննարկվել են նաև հաջորդ սերնդի MareNostrum 6 գերհամակարգչի զարգացման ծրագրերը, այդ թվում՝ եվրոպական նախագծման կիսահաղորդչային չիպերի կիրառման և տեխնոլոգիական ինքնավարության զարգացման ուղղությունները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կենտրոնի՝ հաշվարկային ենթակառուցվածքների շուրջ գիտահետազոտական, կրթական և նորարարական էկոհամակարգ ձևավորելու փորձին։ Քննարկվել են Հայաստանի հետ փորձագիտական փոխանակման, համատեղ կիրառական գիտահետազոտական և վերապատրաստման նախաձեռնությունների հնարավորությունները, որոնք դրական արձագանք են ստացել կենտրոնի ներկայացուցիչների կողմից։

Ուսումնասիրվել է նաև BSC AI Factory նախաձեռնության գործունեությունը, որի մոտեցումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանում իրականացվող AI Virtual Institute և Garden of AI Factories նախաձեռնությունների զարգացման տեսանկյունից։

Այցի շրջանակում հանդիպում է կայացել նաև Computer Vision Center (CVC) գիտահետազոտական կենտրոնում, որտեղ քննարկվել են համակարգչային տեսողության, կիրառական արհեստական բանականության, տեխնոլոգիաների փոխանցման, մտավոր սեփականության պաշտպանման և գիտական արդյունքների առևտրայնացման ուղղությունները։

Բարսելոնայում մասնակցություն է եղել նաև Barcelona New Economy Week (BNEW) միջազգային միջոցառմանը, իսկ Tech Barcelona-ի և Իսպանիայի տնտեսական ու ներդրումային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նորարարական էկոհամակարգերի զարգացմանը, տեխնոլոգիական համագործակցության և իսպանական ներդրումների ներգրավման հնարավորություններին։

Հանդիպումների ընթացքում իսպանական գործընկերները հրավիրվել են մասնակցելու նոյեմբերին Հայաստանում կայանալիք «Սիլիկոնյան սարեր» (Silicon Mountains) և «ԴիջիԹեք» (DigiTec) տեխնոլոգիական միջոցառումներին՝ որպես փորձի փոխանակման, գործարար կապերի ընդլայնման և համագործակցության նոր նախաձեռնությունների ձևավորման հարթակներ։

Այցի ընթացքում ուսումնասիրված փորձը և հաստատված մասնագիտական կապերը հիմք կարող են հանդիսանալ Հայաստանի ԱԲ ենթակառուցվածքների զարգացման, գիտահետազոտական համագործակցության ընդլայնման և միջազգային տեխնոլոգիական գործընկերությունների խորացման համար։

151