Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովում Ղարաբաղից տեղահանվածներին առնչվող հարցերի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ մասնակիցներից մեկը հարց բարձրաձայնեց, թե սերտիֆիկատների չափը, 3 մլն դրամից դարձնելով 4 մլն դրամ, հնարավոր չէ բնակարան ձեռք բերել, քանի որ հայտարարությունների մոտ 80 տոկոս դեպքերում գույքի շուկայական արժեքը գերազանցում է 4-5 հոգանոց ընտանիքներին հատկացվող սերտիֆիկատի գումարի չափը:
Այս համատեքստում աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց, թե ՀՀ-ում բնակարան ձեռք բերելու համար ԼՂ-ից տեղահանվածներից քանիսն են սերտիֆիկատ ստացել: Ըստ այդմ՝ 8643 սերտիֆիկատ տրվել է, 4991-ը՝ իրացվել:
«4 անձով 900 հոգի ունենք սերտիֆիկատ իրացրած, 3 անձով՝ 635, 2 անձով՝ 466, 1 անձով՝ 170»,- ասաց նախարարը՝ պարզաբանելով, թե ամեն անձին 1 սերտիֆիկատ է տրվել, բայց այդ սերտիֆիկատները կարող են միացվել մեկ ընտանիքի շրջանակում:
Կոտայքի մարզում 1395 սերտիֆիկատի իրացում է եղել՝ բոլոր մարզերից ամենաշատը, Արարատի մարզում՝ 682, Արագածոտնի մարզում՝ 173, Արմավիրի մարզում՝ 775, Գեղարքունիքում՝ 192:
Այս համատեքստում նախարարը եզրակացրեց. «Ակնհայտ է, որ մեր հայրենակիցները նախընտրում են երևանամերձ մարզերը»:
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ սերտիֆիկատ իրացրածներից միայն 1320 ընտանիք է, որ հավելյալ վարկով է տուն ձեռք բերել, մնացածը ձեռք են բերել պետության տված սերտիֆիկատի գումարով, այսինքն՝ հավելյալ վարկ ներգրավելու կարիք չի եղել: