Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը և զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը հանդիպում են ունեցել Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ մարդկային ռեսուրսների վարչության՝ վիրավորում ստացած զինծառայողների աջակցության վարչության տնօրեն, գեներալ Ֆիլիպ Օժիենի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, սոցիալական երաշխիքների ապահովման, զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվող աջակցության, նրանց սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին ցուցաբերվող սոցիալական և հոգեբանական աջակցության հետ կապված հարցեր։
Կողմերն անդրադարձել են նշված ոլորտներում առկա մարտահրավերներին, դրանց հաղթահարմանն ուղղված մոտեցումներին, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառվող մեխանիզմներին և միջազգային փորձին։
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը։
Կողմերը կարևորել են մասնագիտական երկխոսության շարունակականությունը և հետագա համագործակցության զարգացումը։