Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հրավիրում է հարբժիշկների՝
էրգոթերապիստների, լոգոպեդների, հատուկ մանկավարժների, կինեզիստների, սոցիալական մանկավարժների, տիֆլոմանկավարժների, արտթերապիստների, սուրդոմանկավարժների և այլ հարբժշկական մասնագետների մասնակցելու՝ «Սոցիալական և վերականգնողական ծառայություններ մատուցող մասնագետների կարողությունների զարգացում՝ ԱՀԿ ՖՄԴ մեթոդաբանության և անկախ կյանքի սկզբունքների կիրառմամբ» դասընթացին։
Վերապատրաստումը նպատակաուղղված է սոցիալական և վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագետների կարողությունների զարգացմանը՝ անկախ կյանքի սկզբունքները մասնագիտական առօրյա աշխատանքում կիրառելու, անձակենտրոն գնահատում իրականացնելու և անհատական աջակցություն պլանավորելու նպատակով։
Դասընթացի նպատակն է զարգացնել սոցիալական և վերականգնողական ծառայություններ մատուցող մասնագետների գիտելիքներն ու գործնական կարողությունները՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) մեթոդաբանության և անկախ կյանքի սկզբունքների կիրառմամբ՝ նպաստելով անձակենտրոն գնահատման, անհատական աջակցության պլանավորման, մասնագիտական միջամտությունների և բազմամասնագիտական համագործակցության արդյունավետ իրականացմանը։
Դասընթացն իրականացվում է միասնական հնգօրյա ուսումնական ծրագրով, որին համատեղ մասնակցում են սոցիալական և վերականգնողական ծառայություններ մատուցող տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ։ Ուսուցումը հիմնված է բազմամասնագիտական մոտեցման վրա՝ ապահովելով մասնակիցների ծանոթացումը տարբեր մասնագիտական ուղղությունների գնահատման, միջամտության և աջակցության գործիքակազմերին։
Դասընթացի ավարտին մասնակիցները՝
- Կիմանան անկախ կյանքի սկզբունքները և դրանց կիրառման հնարավորությունները մասնագիտական աշխատանքում։
- Կկարողանան կիրառել ԱՀԿ ՖՄԴ մեթոդաբանությունը՝ գործունեության, մասնակցության և միջավայրային գործոնների գնահատման ընթացքում։
- Կզարգացնեն անձակենտրոն գնահատման, անհատական աջակցության պլանավորման և SMART նպատակների ձևակերպման կարողությունները։
- Կծանոթանան տարբեր մասնագիտական ուղղությունների գնահատման և միջամտության գործիքակազմերին։
- Կզարգացնեն բազմամասնագիտական համագործակցության հմտությունները՝ նպաստելով անձի ինքնուրույնության և համայնքային մասնակցության ընդլայնմանը։
Դասընթացն իրականացվում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) OSIRIS ծրագրի շրջանակում։ Դասընթացները կմեկնարկեն 2026 թվականի նոյեմբերի 2-ից։
Հետաքրքրված մասնագետները կարող են գրանցվել լրացնելով հայտը՝ հետևյալ հղումով (գրանցման հայտի հղում):
Գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 28-ը։