Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում եվրոպացի քաղաքական գործիչները կարևոր հարցերի քննարկման ընթացքում փակուղու առաջ են կանգնել և սկսել են խոսել բարձր տոնով։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է եվրոպական Politico պարբերականը։
Նշվում է, որ քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ որևէ հարցի շուրջ, այդ թվում՝ մոտ 2 տրիլիոն եվրո կազմող Եվրամիության բյուջեի և էներգետիկայի ոլորտի ռազմավարության քննարկումների ժամանակ։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ տարաձայնությունների հետևանքով անցյալ շաբաթ կայացած ԵՄ գագաթնաժողովում քննարկումների մասնակիցներն անցել են գոռգոռոցների։
«Եվրոպացիներին դրա համար ոչ մի Օրբան պետք չէ», — այսպես է մեկնաբանել իրավիճակը պարբերականը։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ առաջնորդների քննադատությանն է արժանացել՝ անցած գագաթնաժողովում էներգակիրների գների և ԵՄ հաջորդ յոթնամյա բյուջեի շուրջ բանակցություններից հետո։
Հիմնական տարաձայնություններն առաջացել են մթնոլորտ վնասակար արտանետումների քվոտաների առևտրի համակարգի՝ ETS 2-ի շուրջ։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները տևել են 14 ժամ և վերածվել «խելահեղ քաոսի»։