Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը։

Ինչպես նշում է SPA  լրատվական գործակալությունը, հոկտեմբերի 28-ին Երևանում՝ «Դվին» մյուզիք հոլում, կկայանա Մարդկային զարգացման Արքայազն Թալալի միջազգային մրցանակի 27-րդ մրցանակաբաշխությունը։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հովանու ներքո՝ Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) նախաձեռնությամբ։

Մրցանակաբաշխությանը կմասնակցեն Արաբական ծոցի զարգացման ծրագրի տնօրենների խորհրդի նախագահ և մրցանակային հանձնաժողովի նախագահ, արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Իսպանիայի թագուհի Սոֆիան, ինչպես նաև մրցանակային հանձնաժողովի այլ անդամներ։

Մրցանակաբաշխության շրջանակում կպարգևատրվեն 2025 թվականի մրցույթի հաղթող կազմակերպություններն ու անհատները։ Մրցույթի թեման է «Մատչելի և մաքուր էներգիա»-ն, որը ՄԱԿ-ի Կայուն զարգացման յոթերորդ նպատակն է։

Երևանն ընտրվել է միջոցառման անցկացման վայր՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հետ համատեղ։ Ընտրությունը համահունչ է մրցանակաբաշխության թեմային և շրջակա միջավայրի պաշտպանության ու կայուն զարգացման ուղղությամբ միջազգային ջանքերին։

Այս տարի մրցանակի կարժանանան չորս նախագիծ, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ մաքուր էներգիայի և մարդկային զարգացման ոլորտներում։ Դրանք ներառում են կլիմայական փոփոխություններին դիմակայուն ջրամատակարարման համակարգերի զարգացումը, սննդային անվտանգության և կենսապահովման պայմանների բարելավումը, թափոնները կենսավառելիքի վերածելու տեխնոլոգիաները և փոքր ֆերմերների համար արևային էներգիայով աշխատող ոռոգման ծառայությունների ընդլայնումը։

Նախագծերը ցույց են տալիս, թե ինչպես կարող է մաքուր էներգիան նպաստել մարդկանց հիմնական կարիքների բավարարմանը, բարձրացնել համայնքների արտադրողականությունը և բարելավել կյանքի որակը։

Մրցանակային հիմնադրամի ընդհանուր ծավալը 1 միլիոն ԱՄՆ դոլար է։

Մրցանակի 2026 թվականի հաջորդ մրցութային փուլը նվիրված կլինի «Լավ առողջություն և բարեկեցություն» թեմային, որը ՄԱԿ-ի Կայուն զարգացման երրորդ նպատակն է։ Այն նպատակ ունի խրախուսել այն ծրագրերը, որոնք նպաստում են առողջ կյանքի ապահովմանը և բոլոր տարիքի մարդկանց բարեկեցության խթանմանը։

105