
Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
Ովքեր մեզ խաղաղությունից հեռացրին, այսօր փախչում են պարտությունից, արդարանում են բոլորը, իբր «մաքրում» իրենց և տասնամյակների մեղքը բարդում մեկի վրա: Սա պարտությո՞ւն էր, թե՞ աղետ, արհավի՞րք, աշխարհաքաղաքական երկրաշա՞րժ, որ դեռ շարունակություն ունի: Իսկ ինչո՞ւ չխոստովանենք, որ 44 օր կարողացանք զարմանալիորեն դիմակայել:
Եթե մենք իրար հետ խոսել ու բանակցել չկարողանանք, ինչպե՞ս ենք արտաքին աշխարհի հետ բանակցելու: Սա ի՞նչ պահվածք է. խոսել ժողովրդի, հանրության անունից՝ «ողջ հայությունը պահանջում է», «մեր հանրությունը չի ների», «միասնական ու ազգային համաձայնության կառավարության թեկնածուն այսինչն է»…
Կա՛նգ առեք, խոսե՛ք ձեր անունից:
Խոսենք մեր կշռին ու չափին համապատասխան, իսկ մեր ձայների չափն ու տոկոսը որոշենք ընտրական գործընթացներով: Զգույշ լինենք ու համերաշխ:
Իշխանությունն առաջարկում է արտահերթ ընտրություններ, ընդդիմություն կոչվածները չեն համաձայնում: Պետք է լիներ ճիշտ հակառակը: Դեռ չսպառած պայքարի սահմանադրական ձևերը՝ արդեն իսկ սպառվել են և այսօր բացահայտ, համատարած ու անպատիժ հանդես են գալիս բռնության կոչերով: Իրավապահների արձագանքը չպետք է ուշանա, բռնության քարոզը պետք է արժանանա ամենակոշտ արձագանքի: «Ռոբին Հուդերի», «մի խումբ ռոմանտիկների», նրանց հոգեւոր հայրերի տեղը քրեակատարողական հիմնարկն է:
Որքան էլ խուսափենք ներսում թշնամիներ փնտրել, այնուամենայնիվ, այսօր ամենավտանգավորը ներքին թշնամին է:
Տարիներ շարունակ խոսում էինք լյուստրացիայի անհրաժեշտության մասին, անկախ մեզանից՝ բնական լյուստրացիան այսօր իրականություն է, տեղի է ունեցել մանրակրկիտ, անթերի, գրեթե առանց բացառության:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: