Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքական կողմը չի աջակցում ադրբեջանական կողմի պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» օրակարգին, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կոստանյանը, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 20-ին Թուրքիա կատարած այցի և այդ երկրի ղեկավար Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման մասին, ասաց, որ Հայաստանը դրական է գնահատում քննարկումները թուրքական կողմի հետ:

Խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Կոստանյանն ասաց, որ թուրքական կողմի համար «ընկալելի և ըմբռնելի է հայկական կողմի դիրքորոշումը»՝ շեշտելով, որ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն իր իրավազորության ներքո և պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։

Ադրբեջանը Հայաստանի տարածքով՝ Սյունիքի հատվածով, պահանջում է արտատարածքային միջանցք դեպի իր էքսկլավ Նախիջևան, որը նա կոչում է «Զանգեզուրի միջանցք»։

Կոստանյանի խոսքով՝ տարածաշրջանային մի շարք հարցերում Հայաստանի և Թուրքիայի դիրորոշումները բավական մոտ են։

Կոստանյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության(ՀԱՊԿ) հարցին, որին անդամակցությունը Հայաստանը սառեցրել է 2022-ին իր ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումից և այդ կազմակերպության անգործությունից հետո։

Լրագրողների հարցին, թե Հայաստանը որքան է շարունակելու մնալ ՀԱՊԿ-ում, Կոստանյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով ինքնիշխան պետություն, ինքն է որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը այս այս կամ այն քայլը կատարելու համար»։ Հարցին՝ իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Հայաստանն ավելի խոցելի չի՞ դառնա, Կոստանյանը պատասխանեց. «Իսկ դուք կարծում եք՝ մենք ՀԱՊԿ անդամ լինելով պակա՞ս խոցելի ենք»։

334