Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին:

ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով:

Նա նշել է, որ քննարկումները հիմնականում վերաբերել են վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ուղիների կատարելագործմանը։ Կարամանուկյանը հայտնել է, որ այս ուղղություններով ՀԱԳՄ-ն իրականացրել է որոշակի վերլուծություններ և հետազոտություններ, որոնք պատրաստ է ներկայացնել՝ ստանալու հետագա աշխատանքների համար անհրաժեշտ ուղղորդումներն ու ձևավորելու համագործակցության հնարավորություններ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության շարունակական ջանքերը՝ միտված կառավարությանն ու գործող իշխանությանը մասնագիտական աջակցություն ցուցաբերելուն՝ արդյունավետ որոշումների կայացման գործընթացում:

«Տարիներ շարունակ ձեր գործունեությամբ փորձել եք աջակցել կառավարությանը և գործող իշխանությանը արդյունավետ որոշումներ կայացնելու առումով։ Շատ կարևոր է ձեր ակտիվությունը։ Դուք ունեք բանիմաց փորձագետներ, և նրանց կարծիքը արժեքավոր է»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Նախագահը բարձր է գնահատել ՀԱԳՄ գործունեությունն ու պատրաստակամությունը՝ ներգրավվելու խնդիրների համատեղ քննարկման և լուծումների մշակման գործընթացներում՝ ընդգծելով արագ արձագանքելու և իրավիճակը խորությամբ վերլուծելու միության կարողությունները:

207