Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Գույքահարկի արտոնություններ ենք տալիս ԼՂ և ՀՀ պաշտպանության ժամանակ  մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության  և մի շարք այլ  դեպքերով զոհված, վիրավորված կամ վիրավորում ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում  մահացածների ընտանիքների անդամներին: 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, գերեվարվածներին կամ անհայտ բացակայողների ընտանիքի անդամներին»,- Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

«Հաշվի առնելով այս տարվա որոշ չափով ավելի դանդաղ վաճառքի տեմպերը, կառուցապատեղները սկսել են ֆինանսապես որոշակիորեն նեղվել: Օրենսդրական նախաձեռնությունը, որը քննարկվում էր Էկոնոմիկայի նախարարության կողմից, բացի տույժերից ու տուգանքներից, ամբողջապես չեղարկում էր գոյացած հարկը: Մենք բանակցելով մեր գործընկերների հետ, որոշակի լուծումներ առաջարկելով, կարծում եմ ճիշտ ճանապարհի վրա ենք և տալիս ենք էական արտոնություններ»,- նշել է Ավինյանը:

Առաջարկվում է նաև սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ:

Ընդ որում, ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ անշարժ գույքի հարկի գծով կարող է կիրառվել 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված և չվճարված հարկի նվազեցման արտոնություն՝ 25 %-ի չափով և նույն ժամանակահատվածի համար սահմանված կարգով հաշվարկված տույժերից ազատում: Նշված արտոնությունների կիրառումից հետո ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի կառուցապատողների նկատմամբ անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված մնացած հարկի գումարի նկատմամբ կարող են կիրառվել նաև հետևյալ արտոնությունները.


1) մինչև 50.000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված հարկի նվազեցում 25 %-ի չափով.


2) 50.000 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 2023 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ հաշվարկված հարկի նվազեցում 50 %-ի չափով:

Նախատեսված արտոնությունները չեն կարող կիրառվել, եթե առկա է նշված հիմքերից որևէ մեկը.

1) մինչև արտոնության տրամադրումը կառուցապատողին տրամադրվել է ավարտական ակտը.

2) շինարարության թույլտվության ժամկետը լրացել է և շինարարության թույլտվության ժամկետը սահմանված կարգով չի երկարաձգվել: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի կառուցապատման ոլորտի ընկերություններին խուսափել սնանկության եզրին հայտնվելու ռիսկից, կնվազեցնի տնտեսական հետևանքների ռիսկը, կբարելավվի երկրի ներդրումային միջավայրը, կմեկնարկեն կառուցապատման նոր ծրագրեր, ինչն իր դրական անդրադարձը կունենա բիզնես միջավայրի վրա»։

159