Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խորհրդարանը քննարկում է ՀՀ ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: 

Հիմնական զեկուցող, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ տարեկան հաղորդումը ներառում է երկու փաստաթուղթ՝ 2025 թվականի 1-ին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը և 2024 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումը: 

Անդրադառնալով 2024-ի զարգացումներին՝ նա ներկայացրեց այն մակրոտնտեսական միջավայրը, որն ընկած է ԿԲ-ի կողմից կառուցված մակրոտնտեսական սցենարների և 2025-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում:

Ըստ Գալստյանի՝ 2024-ին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված գերազանցապես ծառայությունների, շինարարության և առևտրի ոլորտներում արձանագրված բարձր աճերով:

«Այդուհանդերձ, երկրորդ կիսամյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում, և տնտեսական աճը մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ 2024 թվականի համար կազմելով 5,9 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում համախառն պահանջարկը ճշգրտվել է, ևս մոտեցել իր կայուն մակարդակին»,- հայտնեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ տասներկուամսյա գնաճը 2024-ի տարեվերջին կազմել է 1,5 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 0,9 տոկոս: 

«Կցանկանայի ընդգծել այն փաստը, որ 2025-ից մենք գնաճի նպատակային ցուցանիշը իջեցրել ենք 4 տոկոսից 3 տոկոսի»,- նշեց նա:

Անդրադառնալով 2025 թվականի դրամավարկային քաղաքականության հեռանկարներին՝ ասաց՝ 2025-ի սկզբից Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակի շուրջ, իսկ վերջին ամիսներին դիտվում է նաև աճի արագացման միտումներ:

«Տարվա ընթացքում տնտեսական աճին շարունակել է մեծապես նպաստել նաև շինարարության ճյուղի բարձր աճը: Այնուամենայնիվ, տարեսկզբից արձանագրված տնտեսական աճի բարձր տատանողականությունը կրում է որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ»,- ասաց Գալստյանը՝ նկատելով, որ միաժամանակ, խթանման ռիսկերը պահպանվում են:

«Այս զարգացումների պարագայում 2025-ի համար տարբեր կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 4,9-5,3 տոկոս միջակայքում, թեև վերջին ամիսներին զարգացումները տարվա արդյունքում ավելի բարձր աճի ձևավորման ազդակներ են պարունակում: Բնականաբար, ստեղծված իրավիճակը լի է մեծ անորոշություններով և ռիսկերով»,- նշեց ԿԲ նախագահը:

 

124