Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Դիլիջանի նստավայրում ընդունել է Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդրա Ռամուշին։

Ալեքսանդրա Ռամուշը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի և Ավստիրայի միջև գործում է քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը կարգավորող լայն գործիքակազմ՝ ԵԽ «Հանձնման մասին» կոնվենցիա, ԵԽ «Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին» կոնվենցիա, ԵԽ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» կոնվենցիա և այլն, որը հնարավորություն է ընձեռում արդյունավետ փոխգործակցել միմյանց հետ:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Ավստրիայի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 80%-ը կատարելու համար և առաջարկել շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Ավստրիայում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ:

Ալեքսանդրա Ռամուշը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, ՀՀ գլխավոր դատախազին փոխանցել Ավստրիայի գլխավոր դատախազի ողջույններն ու բարեմաղթանքներն ու ընդգծել Հայաստանի հետ համագործակցության և հարաբերությունների խորացման կարևորությունը:

Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը իր հերթին նշել է, որ կարևորում է դատախազների անկախության վերաբերյալ հարցի քննարկումը համաժողովի շրջանակներում, ներկայացրել է Ավստրիայում այս ուղղությամբ կատարվող աշխատանքները, հետաքրքրվել Հայաստանում դատախազների անկախության երաշխիքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներից և ինստիտուցիոնալ մոտեցումներից:

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

108