Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մինչ այս պահն ինչ գրել ենք նախարարությունում, քննարկել ենք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ, բազմիցս ասել եմ, որ շատ նախագծեր որոշվել են խորհրդի անդամների կողմից»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ որոշում ունեն շարունակելու խորհրդի հետ աշխատանքները:

«Վերջին հանդիպման մասին վերջերս հրապարակում ենք արել։ Խորհրդի անդամներն էլ էին հարց բարձրացրել, թե արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների տեքստի մասով իրենք են պատասխանատվություն կրելու։ Իմ համոզմունքն այն է, որ մեր գործընկերները պատրաստ չեն պատասխանատվությունն իրենց վրա վերցնել։ Ես առաջարկել եմ, որ մենք շարունակենք աշխատանքը տեքստի շուրջ, տեքստը կհրապարակվի Արդարադատության նախարարության անունից, խորհրդի անդամներն ազատ կլինեն իրենց կարծիքն ազատ արտահայտել որևէ դրույթի վերաբերյալ։ Սակայն, այս պրոցեսում մեզ համար անչափ կարևոր է ներառականությունը, մենք պատրաստվում ենք չքննարկված յուրաքանչյուր հարց քննարկել խորհրդի հետ և դրա համար ունենք բավականին երկար ժամանակ»,- ասել է Գալյանը:

Անդրադառնալով եկեղեցու մասով փոփոխություններին՝ Գալյանը նշել է, որ այն քաղաքական որոշում է, որը պետք է արտացոլվի Սահմանադրության տեքստում: Նա հավելել է, որ եղել են նաև այլ առաջարկներ, որոնց խորհրդի մի մասը կողմ է եղել, մյուս մասը՝ դեմ։

Գալյանը շեշտել է՝ Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է։

Դիտարկմանը, թե Սահմանադրությունը փոփոխվում է Ալիևի պահանջով, Գալյանն արձագանքել է, որ այդ դիսկուրսն իրեն արդեն սպառել է.

«Մենք ունենք մեր ներքին օրակարգը, որում արտացոլված է նոր Սահմանադրության նախագիծ մշակելու հետ կապված դրույթ, և մենք հանձնառությունը ստանձնած լինելով՝ առաջ ենք շարժվում։ Մենք կարծում ենք, որ ժողովուրդը պետք է որոշի, իսկ եթե ընդդիմությունը կարծում է, որ ժողովուրդը չպետք է որոշի, այլ՝ իրենք, դա արդեն այլ հարց է»։

 

75