Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնական հրապարակում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 16-ը վիրավորվել են, այդ թվում՝ երկու ոստիկան և հարձակվողը։ Կասկածյալի բնակարանում իրավապահները հայտնաբերել են նաև նրա ծնողների և քրոջ դիերը՝ հրազենային վնասվածքներով։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական գործողություն։ Ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկու խոսքով՝ հարձակվողն ունեցել է ծայրահեղական հայացքներ և հրապուրված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով։

Հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 15։00-ի սահմաններում։ Զինվորական հագուստով և դիմակով տղամարդը սև Subaru մակնիշի մեքենայով մտել է Կրակովի գլխավոր՝ զբոսաշրջիկներով մարդաշատ հրապարակ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Անցորդները փախուստի են դիմել՝ փորձելով թաքնվել հարակից սրճարաններում, ռեստորաններում և շենքերում։

Ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում հարձակվողը վիրավորվել է, ձերբակալվել և տեղափոխվել հիվանդանոց։ Նրա վիճակը կայուն է։ Իրավապահները ստուգել են մեքենան՝ հնարավոր պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով։ Հարակից շենքերի բնակիչները տարհանվել են, իսկ հրապարակն ու շրջակա փողոցները՝ փակվել։

Լեհական Onet լրատվական կայքի տեղեկություններով՝ կասկածյալը 24-ամյա Միխալ Օ.-ն է՝ Լեհաստանի հարավարևելյան Օստրովեց Սվենտոկշիսկի քաղաքի բնակիչ։ Նա նախկինում դատվածություն չի ունեցել և ոստիկանության հաշվառման մեջ չի եղել։

Ըստ Onet-ի՝ տղամարդն ունեցել է երկու միավոր հրազեն պահելու թույլտվություն, իսկ նրա 52-ամյա հայրը՝ 11 միավոր։ Հարձակման ժամանակ Միխալ Օ.-ն վարել է հոր անունով գրանցված ավտոմեքենան։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը զինված է եղել AR-15 տեսակի հրացանի նման կիսաավտոմատ զենքով, ունեցել է նաև ատրճանակ։ Նրա մեքենայում հայտնաբերվել են մեծ քանակությամբ այլ զենքեր և զինամթերք։ Բեռնախցիկում եղել են նաև զինվորական ուսապարկ, ռազմական հանդերձանքի պարագաներ և սվին։

Առայժմ չի պարզաբանվել, թե մեքենայում հայտնաբերված զենքերից քանիսն են պատկանել կասկածյալին, քանիսը՝ նրա հորը, և արդյոք դրանցից բոլորը օրինական գրանցում են ունեցել։

Հրաձգության հետևանքով սպանվածներից չորսը կանայք են, երկուսը՝ տղամարդիկ։ Զոհերից մեկը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Վիրավորների թվում կան նաև Պորտուգալիայի և Ռուսաստանի քաղաքացիներ։

Վիրավորվել են երկու ոստիկաններ։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նա ստացել է երեք հրազենային վնասվածք։

Նույն օրը երեկոյան ոստիկանությունը կասկածյալի բնակարանում հայտնաբերել է ևս երեք դի։ Հետագայում հաստատվել է, որ սպանվածները նրա 53-ամյա հայրն են, 52-ամյա մայրը և 20-ամյա քույրը։ Նրանք նույնպես հրազենային վնասվածքներ են ունեցել։

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հերքել է տեղեկությունները, թե հարձակվողը զինծառայող է եղել՝ հայտարարելով, որ նա երբեք առնչություն չի ունեցել երկրի զինված ուժերի հետ։

Ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկու խոսքով՝ նախնական տվյալները վկայում են, որ հարձակվողը գործել է միայնակ։ Հարձակման շարժառիթները շարունակում են քննվել։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրապարակել է հարձակվողին ձերբակալած երկու ոստիկանների՝ Յակուբ Կուլիկի և Արթուր Մորանսկու անունները՝ նրանց անվանելով հերոսներ։

Հրաձգությունից հետո Լեհաստանում հայտարարվել է երկօրյա համազգային սուգ՝ նոյեմբերի 8-ին և 9-ին։ Պետական դրոշներն իջեցվել են, հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները փոփոխել են իրենց ծրագրերը, չեղարկվել են ժամանցային միջոցառումները։

203