Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է շուրջ 141․6 մլն դրամ հատկացնել մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացման և ժամանակակից գիտական սարքավորման ձեռքբերման նպատակով։
Մասնավորապես՝ 2026թ․ բյուջեի վերաբաշխման արդյունքում 42,8 մլն դրամ կհատկացվի ՀՀ ԳԱԱ նախագահության վարչական շենքի հարակից՝ «Հիմնարար գիտական գրադարան» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող շուրջ 700 քմ ընդհանուր մակերեսով շինության հիմնանորոգմանը։ Մարշալ Բաղրամյան 24/6 հասցեում գտնվող այս շինությունում ՀՀ անկախացումից ի վեր հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։
Հիմնանորոգումից և բարեկարգումից հետո տարածքը կվերածվի բազմաֆունկցիոնալ գիտական և հանրային կենտրոնի, որտեղ կանցկացվեն միջազգային և հանրապետական գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, երիտասարդ գիտնականների համաժողովներ, համահայաստանյան դպրոցական և ուսանողական գիտական փառատոներ, գիտության հանրայնացման միջոցառումներ։
Միաժամանակ, ըստ նույն որոշման, 98,7 մլն դրամ կհատկացվի «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համար գենետիկական անալիզատորի ձեռքբերմանը՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման ծրագրի շրջանակում։
Նոր սարքավորումը կնպաստի ինստիտուտի հետազոտական կարողությունների զարգացմանը և ժամանակակից գիտական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների բարելավմանը։