«Ո՞վ ասաց, որ մենք հրաժարվում ենք այդ տրամաբանությունից: Բայց և չենք կարող միանձնյա բոլորին ընկնել, համոզել, որ եկեք գնանք ընտրությունների: Մենք առաջարկն արել ենք, ընդդիմությունը չի արձագանքում: Ընդդիմությունն իրարամերժ բաներից է խոսում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Իմ քայլը» խմբակցության երեկվա հանդիպմանը, որի ընթացքում արձանագրվել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

Սիմոնյանի խոսքով՝ իշխանությունը ներկայացրել է իր ճանապարհային քարտեզը, հունիսին կամփոփեն այն և կորոշեն հաջորդ քայլերը:

Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը հրաժարվում էր արտահերթ ընտրությունների գնալուց երկու պատճառով. «Լավագույն դեպքում ԱԺ-ում նույն պատկերն է լինելու, վատագույն դեպքում ես չեմ բացառում, որ այդ կուսակցություններից (նկատի ունի խորհրդարանական ընդդիմությանը,- խմբ.) առնվազն մեկը կարող է հաջորդ ընտրություններից հետո պառլամենտում չհայտնվել: Հիմա մենք ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիր գործիչներին համոզե՞նք, խնդրե՞նք, որ համաձայնվե՞ն ընտրությունների: Չի լինում նման բան: Ընդդիմությունն է միշտ ընտրություն ուզում: Եվ ամենակարևորը՝ ես մշտապես շեշտում եմ՝ քաղաքացիները: Նրանց պահանջը մեզանից շատ կտրուկ տարբերվում է այն պահանջից, որ համացանցում «խելացի վարձկանների» մոտ հնարավոր է կարդալ»: Մարդիկ ուզում են, որ թավիշը վերացնենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքի հետ կապված թավիշ չլինի: Օրենքը խստագույնս գործելու է»:

Տեղեկացնում է ՝ 1lurer.am

08 Փետրվար, 2021 17:03
147
; ;