ՀԺ-ն գրում է.
Արյունոտ մանկական անկողին, հագուստ ու չաշխատող լվացքի մեքենա. սրանք այն իրեղեն ապացույցներն են, որ առգրավվել են Նոր Խարբերդի բնակարաններից մեկում: Մոր, խորթ հոր եւ խորթ տատի կողմից դաժան ծեծի հետեւանքով օրեր առաջ մահացել է դեռ 2 տարին չբոլորած Ս. Ս.-ն: Լուրը հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն:
Ըստ ՔԿ-ի՝ փոքրիկը Մասիսի ԲԿ է տեղափոխվել արդեն մահացած, եւ երեխայի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտավուն գույնի բազմաթիվ արյունազեղումներ եւ քերծվածքներ, իսկ կատարված դիահերձմամբ գլխուղեղին հայտնաբերվել է տարածուն արյունազեղում, կողմնային փորոքներում՝ հեղուկ արյուն: Ըստ դատաբժշկի եզրակացության՝ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմատիկ ախտահարումից գանգուղեղային փակ տրավմա ստանալու հետեւանքով:
Երեխայի խորթ պապիկը՝ Զ. Զոհրաբյանը, ՀԺ-ի հետ զրույցում պատմել է, որ տղան՝ Ռազմիկը, եւ հարսը՝ Արուսիկը, միասին են բնակվել 2020թ. նոյեմբեր ամսից, իսկ իրենց վագոն-տնակ են տեղափոխվել դեկտեմբեր ամսի վերջից: Իրենք հաշտ են եղել, թեեւ տնակում բնակվել են 7 հոգով՝ ինքը, կինը՝ Նունեն, երկու դուստրերը, Ռազմիկը, Արուսիկը եւ վերջինիս 2-ամյա որդին: Վագոն-տնակի արտաքին տեսքը վկայում էր ընտանիքի ծանր սոցիալական պայմանների մասին: Ընտանիքի հայրը՝ Զոհրաբը, եւ որդին՝ Ռազմիկը, աշխատում են աղբի հավաքմամբ զբաղվող մասնավոր ընկերությունում, իսկ կինը՝ Նունեն, կենցաղային մաքրությամբ է զբաղվում:
Զոհրաբյանն ասաց, որ որդին՝ 31-ամյա Ռազմիկը, թերհաս է, սակայն որեւէ տեղ հաշվառված չէ: Պատմեց, որ երեխային որդին եւ հարսը հաճախ են ծեծել, իսկ գիշերները երբեմն մտցրել են չաշխատող լվացքի մեքենայի մեջ: Պատճառն այն է եղել, որ երեխան չար էր, հանգիստ չէր քնում: «Ես միշտ տղուս ու հարսիս ասել եմ, որ երեխային տենց չեն խփում: Ասել եմ՝ տենց մի օր տալու եք, այդ երեխային մի բան անեք, մնա ձեր վրա»:
Նա ասաց, որ շատ է փորձել թույլ չտալ, որ երեխայի հետ այդպես վարվեն, բայց հարսը եւ որդին ասել են, որ դա իրենց գործն է եւ խնդրել չխառնվել իրենց կյանքին. «Դեպքի օրը երեխայի մայրը եւ տատիկը «դիմիդրոլ» են տվել, որ քնի, հետո տատիկը՝ կինս, արթնացավ, տեսավ, որ երեխան լավ չէ...: Գիշերը Ստյոպային բերեց դրեց կողքս, երեխան երկար քնած էր, մտածեցինք՝ «դիմիդրոլ»-ի ազդեցությունն է, սակայն երբ 10:30-ի շրջակայքում նկատեցի, որ Ստյոպան խռխռացնում է, ասացի՝ եկեք բժիշկ կանչենք, Արուսիկը չթողեց, երբ աստիճանաբար փոքրիկի ինքնազգացողությունը վատացավ, 2 ժամ հետո նոր շտապօգնություն կանչեցին եւ տարան Մասիսի ԲԿ»:
Խորթ պապիկը ասում է, որ չի տեսել մեկ այլ դեպք, երբ երեխային «այդ կարգի» հարվածեն. «Ախր, սկի մեծին տենց չեն ծեծում: Չորս երեխա ունեմ, մի օր տենց չեմ խփել, դե գիտեք, բոլորն էլ իրենց երեխաներին խփում եմ, ծնող չկա, որ երեխուն չծեծի, բայց որ հիվանդանոցում էդ երեխու մեջքի կապույտը տեսա... ազնիվ խոսք, չէի պատկերացում: Դատաբժիշկն էլ երեխուն նայեց, ասաց՝ «դիմիդրոլ»-ից չի, գլխի հարվածից է, ախր, երեխու ամբողջ դեմքը կապտած էր, ասում էի՝ շուտ տարեք հիվանդանոց, չլսեցին: Ինչ ասեմ, ականջը ճղվել էր, տեղաշորը արյուն էր, չէի իմացել, որ արյուն է գալիս, նաեւ քննիչից եմ իմացել, որ լվացքի մեքենան են կոխել երեխուն: Ինչի տենց բա՞ն են անում: Երեխեն ի ծնե ոտքի խնդիր ուներ, լավ չէր քայլում, մի օր էլ դուրս էր եկել, ընկել էր դրսի վաննայի մեջ, չէին իմացել, ես տեսա՝ արյունլվիկ է, նոր ձեն տվեցի, եկան, էլի ասացի՝ ուշադիր եղեք, տենց երեխա չեն պահում»:
Զրուցեցինք նաեւ Արուսիկի մոր՝ Ս. Կոստանյանի հետ, որն ասաց՝ «Դե դեպք է, պատահել է, հիմա ինչ էլ անենք, հո մեր երեխուն հետ չենք բերի: Ախր, շատ չար երեխա էր»: Նշեց՝ աղջկա ընտանեկան հարցերին չի խառնվել. «Իմ բնակարանը այստեղ է՝ Խարբերդում, բայց ես Հոկտեմբերյանում եմ ապրում, նույնիսկ Նոր տարուն հյուր չեն եկել, իմացա սենց բան ա եղել՝ եկա»: Հարցին՝ արդյոք մինչ Արուսիկի ոստիկանություն հրավիրվելը եւ ձերբակալվելը հասցրե՞լ է տեսնել դստերը, ի՞նչ է պատմել, ասաց, որ աղջիկը հուզված տեսք ուներ, նորմալ չէր էլ խոսում:
Երկամյա Ստյոպայի հայրը Գյումրիից է, տատիկը , տեղյակ չէր՝ հայրը դեպքի մասին գիտի, թե ոչ:
Զրուցեցինք նաեւ Զոհրաբյանների հարեւանուհի Ս. Պողոսյանի հետ: Ասաց, որ ինչպես մյուս հարեւանների, այնպես էլ Զոհրաբի եւ Նունեի հետ էլ շփում չունի. «Ռազմիկը գնաց Ռուսաստան, իրան գործի դրեցին, բայց չգիտեմ ինչու՝ չհարմարվեց, ետ եկավ: Այստեղ գիշերօթիկ դպրոց է հաճախել»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: