Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնել է, որ փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի, իր խորհրդական Սևակ Տիգրանյանի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Ողջաբերդ համայնքում, որտեղ, ինչպես հայտնի է, տարիների ընթացքում ձևավորված ցավալի խնդիր կա:

 

«Սողանքային գոտու հետևանքով շենք-շինությունների վթարայնություն և ըստ այդմ՝ պետության կողմից առավել ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների փոխհատուցման անհրաժեշտություն:

 

Հաշվի առնելով նաև վերջին շրջանում մեր հանրապետությունում գրանցված երկրաշարժերը՝ Ողջաբերդի սողանքային գոտու այս լրջագույն խնդիրը հրատապ և վերջնական հանգուցալուծման անհրաժեշտություն է դառնում:

 

Խնդրի լուծման ուղղությամբ ավելի վաղ Կոտայքի մարզպետարանը փաթեթ էր ներկայացրել Կառավարություն. կա նախագիծ: Բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրել եմ, որ Կառավարությունը կրկին շրջանառության մեջ է դրել սողանքային գոտու բնակիչներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու հարցը՝ բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու եղանակով։

 

Ողջամիտ ժամկետներում Կառավարությունում ծրագիրը քննարկման կդրվի, համաձայն որի՝ փուլային տարբերակով նախ 5-6-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 14 ընտանիքներ կստանան բնակարանների ձեռքբերման վկայագրեր, ապա մյուսները՝ ըստ վթարայնության աստիճանի:

 

Ողջաբերդցիները ներկայացրին հարցի լուծման իրենց տարբերակներն ու առաջարկությունները, որոնք իմ կողմից կներկայացվեն համապատասխան գերատեսչությունների լրացուցիչ քննարկմանը»,- գրել է Մեսրոպյանը:

 

16 Փետրվար, 2021 12:36
77
; ;