Մեկնարկել և ըստ փուլերի՝ իրականացվում է  250,000 դրամ միանվագ աջակցության տրամադրումն այն արցախցիներին, ում բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի,սոցիալական հարցերի  նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

«Միանվագ  250,000 դրամ աջակցության համար մինչ այժմ  դիմել է 62 հազար 727 քաղաքացի։ Վճարման ցուցակ ներառված քաղաքացիների ցանկը մշակման փուլում է: Ընթացքում համադրվում են մեզ մոտ գտնվող դիմումները,իսկ գումարի բաշխումն իրականացվում է դրան  զուգահեռ՝ փուլային կարգով:Հնարավոր է, որ դիմումների  համադրման գործընթացի արդյունքում՝ ընտանիքի տարբեր անդամներին  աջակցությունը տրամադրվի տարբեր փուլերի ընթացքում»,-մանրամասնեց Մանուչարյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներին 250 հազար դրամ միանվագ աջակցություն է տրամադրվում, եթե նրանց բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի:

Աջակցությանը կարող են դիմել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված չափահաս և անչափահաս քաղաքացիները։ Վերջիններիս դրամական աջակցությունը կտրամադրվի ծնողին, եթե նա միջոցառման շահառու է։

 

612