Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել են մաքսային ոլորտում 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները: 

ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը հայտնել է, որ համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն է թողել 2020թ. մաքսային մուտքերի վրա: Այնուամենայնիվ, պատկերը բավական դրական է, երբ մաքսային պատմության մեջ ամենաբարձր մաքսային մուտքերով առանձնացած 2019թ. բացի համեմատությունը կատարվում է նաև 2018թ. հետ: «Հատկանշական է, որ եթե մարդատար ավտոմեքենաների ներմուծման գործոնը չեզոքացնենք, ապա պարզ է դառնում, որ 2020 թվականին մաքսային մուտքերը գրեթե հավասար են եղել 2018 թվականի մաքսային մուտքերին»,-նշել է Մնացական Շարաֆյանը:

Իրավիճակով պայմանավորված` 2019թ. համեմատ 2020թ.-ին թեև ներմուծումների և արտահանումների ծավալը նվազել է, սակայն, ըստ Մնացական Շարաֆյանի, նվազումը եղել է ոչ բոլոր ուղղություններով. «2019թ. համեմատ ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծումներն աճել են մոտ 1.3%-ով, 2018թ. համեմատ՝ մոտ 20%-ով, ինչը նշանակում է, որ աճի դինամիկան պահպանվել է անգամ ճգնաժամային տարում»: Մնացական Շարաֆյանն ընդգծել է բարդ իրավիճակներով հատկանշված տարվա ընթացքում արտահանում և ներմուծում իրականացնողների ակտիվությունը` հայտնելով, որ գրեթե 3%-ով աճել է արտահանողների թիվը:

Մաքսային ռիսկերի նվազեցման և վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով՝ ՊԵԿ-ը 2020թ․ ընթացքում ներդրել է սակագնային և ոչ սակագնային հսկողության նոր համակարգի մոտ 20 ալգորիթմ։ Մաքսային վարչարարության բարելավման, գործընթացների արագացման և դյուրինացման նպատակով ներդրվել է մաքսային վճարներն էլեկտրոնային եղանակով վճարելու պիլոտային ծրագիր: 

Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում հաջողվել է երկարաձգել Հայաստանին տրվող` ԵԱՏՄ մաքսատուրքերի միասնական դրույքաչափերից մի շարք ապրանքների համար ցածր դրույքաչափերի կիրառման արտոնությունների ժամկետը. «Որոշումն ուներ հետադարձ ուժ և տարածվել է 2020թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ Արդյունքում ներմուծողներին վերադարձվել է շուրջ 1.5 մլրդ ՀՀ դրամ մաքսատուրքի գումար»:

Մնացական Շարաֆյանը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է օրինապահ հարկ վճարողների համար ոչ միայն հարկային, այլև մաքսային պարզեցումներ են սահմանել՝ ներմուծված ապրանքների ձևակերպման և բացթողման փուլերում։

ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը տեղեկացրել է, որ կոմիտեի անմիջական մասնակցությամբ կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում ՀՀ մշտական բնակության տեղափոխված անձինք օգտվել են անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու արտոնությունից: 2021թ. հունվարի 20-ի դրությամբ հնարավորությունից օգտվել է մոտ 258 քաղաքացի: Տրամադրվել է շուրջ 1 միլիարդ 100 միլիոն դրամի արտոնություն:

Ֆիզիկական անձանց թույլատրվել է առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի միջազգային փոստային առաքանիներով կամ փոխադրողի միջոցով դեղ ներմուծել: Հնարավորությունից օգտվել է մոտ 1500 քաղաքացի։

Արտեմ Կարապետյանը հայտնել է, որ պարզեցվում է էքսպրես բեռների տեսքով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման համակարգը. «Դա հնարավորություն է տալիս սուրհանդակային ծառայությունների կողմից տեղափոխվող առաքանիների մեջ պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար առանձին մաքսային հայտարարագիր այլևս չներկայացնել. ամբողջ խմբաքանակը կարող է հայտարարագրվել մեկ միասնական փաստաթղթով՝ էքսպրես փոխադրողի կողմից»։

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված բժշկական նշանակության ապրանքների արտահանման սահմանափակումները` մաքսային ծառայությունն իրականացրել է համակարգման և հսկողական մի շարք միջոցառումներ: Իսկ ռազմական դրության աշխատանքային ռեժիմով կոմիտեն համակարգել և կազմակերպել է ՀՀ ներմուծվող հումանիտար և ոչ հումանիտար ապրանքների տեղաշարժը սահմանային անցակետից մինչև նշանակման վայր և փոխանցումը համապատասխան պետական լիազոր մարմիններին: Ապրանքների բացթողումը հիմնականում իրականացվել է 1 ժամվա ընթացքում: 

Մաքսային հսկողության վարչության պետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելված թուրքական ծագման ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանային մաքսային կետ-բաժիններում իրականացվում է մաքսային խիստ հսկողություն:

«Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են: Համակարգի ներդրումից հետո հնարավորություն կստեղծվի մեկ էլեկտրոնային հարթակի միջոցով դիմել արտաքին առևտրի պետական կարգավորման ոլորտում իրավասություններ ունեցող պետական մարմիններին  և էլեկտրոնային եղանակով ստանալ թույլատրող փաստաթղթեր։

ԵԱՏՄ օրենսդրության համաձայն` այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների` ՀՀ ժամանակավորապես ներմուծվան առավելագույն ժամկետը 1 տարի է: Կորոնավիրուսի պատճառով փակ սահմաններով պայմանավորված՝ շատ քաղաքացիներ թույլատրելի ժամկետի լրանալու դեպքում անգամ չեն կարողացել իրենց ավտոմեքենաները դուրս հանել ՀՀ-ից: ՊԵԿ-ի նախաձեռնությամբ ԵՏՀ որոշման մեջ կատարված փոփոխությամբ` թույլատրելի ժամկետ է սահմանվել 2021թ. մարտի 31-ը: Արտեմ Կարապետյանի տեղեկացմամբ՝ այժմ քայլեր են իրականացվում ժամկետի երկարաձգման ուղղությամբ:

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

19 Փետրվար, 2021 13:19
64
; ;