
Լեհաստանում ՀՀ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել.
Փետրվարի 24-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը տեսակապով հանդիպեց ԼՀ զարգացման, աշխատանքի և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանախագահ Ռոբերտ Տոմանեկի (Robert Tomanek) հետ։
Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկումներ ծավալվեցին` երկկողմ գործակցության և բազմակողմ հարթակների ներգրավման, այդ թվում՝ ուժի մեջ մտնող ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ միջոցով, առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղիների շուրջ։ Շեշտադրվեց Հայաստանի և Լեհաստանի շահագրգիռ գործարար շրջանակների համապատասխան ուղղորդված դերակատարության անհրաժեշտությունը։ Կողմերը կարևորեցին Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի բնականոն աշխատանքը և 2021թ․ երկրորդ կեսի ընթացքում հերթական նիստի անցկացումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նիստի օրակարգի մշակման շուրջ գործնական քայլերի վերաբերյալ։