Այսօր Araratnews.am-ը ահազանգ ստացավ Բաղրամյան պողոտայում ապրող քաղաքացուց, որը բողոք հայտնեց ցուցարարների և ցույցերի կազմակերպան վերաբերյալ։

Բաղրամյան պողոտայում գտնվող և զուգահեռ՝ Անտառային, Սիլվա Կապուտիկյան, Ջրաշատ փողոցներում ապրող քաղաքացիները անընդհատ տարբեր քաղաքական իրադարձությունների պատճառներով հայտնվում են շատ վատ վիճակում` հայտնեց քաղաքացին։

«Փակել են ամբողջ պողոտան, խոչընդոտում են մարդկանց տեղաշարժին։ Ցուցարարները աղբամաններով բարիկադներ են կառուցել, ու ամեն տեղ աղբ է։ Նրանց չէր էլ  մտահոգել, թե բնակիչները որտեղ պիտի թափեն զիբիլը, իսկ հետո իբր տեղը դրեցին`  ուղղակի «շպրտելով» դրանք»,- վրդովված տեղեկացնում էր բնակիչը Araratnews.am-ին։

Քաղաքացու խոսքով, ինքն է մի քանի անգամ մաքրել Սիլվա Կապուտիկյան փողոցը։

«Այս օրերին մինչև գիշերվա ժամը 2-ը անընդմեջ գոռում են ինչ-որ լոզունգներ, հնչում է բարձր երաժշտություն, ու այդ լոզունգներ գոռգոռացողները մոռանում են, որ հենց այս փողոցներում ապրում են պատերազմում զոհված հերոսների ընտանիքներ, որոնց սրտի վերքերը դեռ չեն սպիացել, ու այս բռի, անտաշ պահվածքից շատ վատ են զգում։ Էլ չեմ  խոսում տարեցների ու հիվանդների մասին»,- հավելեց բնակիչը։

Նա միաժամանակ նկատեց, որ ցուցարարներն իհարկե իրավունք ունեն հայտնել իրենց քաղաքացիական դիրքորոշումը, բայց այդ ամենը կարելի է անել ավելի կոռեկտ և քաղաքավարի։

Մարիամ Գևորգյան

1274