«Երեխայի մահվան պատճառը պորտալարի կրկնակի փաթաթումն է եղել:  Այս մասին Araratnews.am-ին հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից` պարզաբանելով, թե ինչի հետևանքով է մարտի 7-ին ծնվելուց հինգ րոպե հետո  մահացել նորածինը:

«Ամեն դեպքում նախաքննությունը շարունակվում է և քննությունը բոլոր հարցերը կճշտի»,- ասացին բժշկական կետրոնից:

Մենք հետաքրքրվեցինք նաև ծննդկանի առողջական վիճակից: Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ մոր վիճակը բավարար է, վաղը դուրս կգրվի:

Կապ հաստատեցինք նաև ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Եգանյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 2021 թ. մարտի 7-ին՝ ժամը 19։10-ին. «Նոյեմբերյան ԲԿ» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերությունից հետո մահացել է իգական սեռի նորածին երեխան:

«Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարտի 7-ին, ժամը 12։00-ին, «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲ ընկերության գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Լոռու մարզի 22-ամյա բնակչուհի, որը ծննդաբերել է իգական սեռի երեխա, սակայն նորածինը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից վերցվել է կնոջ ծննդաբերության պատմագիրը, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեց Եգանյանը:

Հիշեցնենք` Տավուշի մարզկենտրոն Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում մարտի 7-ին նորածին էր մահացել ծնվելուց րոպեներ անց:

Հայկ Մագոյան

 

 

1903