ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ կայքում՝ նշելով, որ Տիգրան Գալստյանին իր հետագա գործունեության մեջ մաղթում են նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:

Տեղեկացնենք` Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել էր, որ իր վերջին շխատանքային օրն էր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«Հարգելի ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ իմ վերջին աշխատանքային օրն էր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում: Աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ մասնավոր ոլորտում:

Ենթադրելով հնարավոր շահարկումները` տեղեկացնում եմ, որ որոշումս պայմանավորված է բացառապես անձնական պատճառներով։

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին վստահության և երկամյա համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցին այս դժվար ժամանակաշրջանում կատարած անձնվեր աշխատանքի համար։ Միասին բազմաթիվ նախագծեր իրականացրեցինք, և վստահ եմ, որ հետայսու աշխատակազմն ավելի մեծ և հավակնոտ ծրագրեր է իրականացնելու ի շահ քաղաքացիների»:

312