Հայաստանում երկար դադարից հետո առաջին անգամ կհնչի Յ.Ս. Բախի «Մագնիֆիկատ»-ը: Այն կկատարեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերայի ներգչախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ: Համերգը կանցկացվի մարտի 21-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որպես մենակատարներ հանդես կգան Ջուլիանա Գրիգորյանը, Նունե Գրիգորյանը, Անուշ Մարտիրոսյանը, Միքայել Գրիգորյանը և Կիմ Սարգսյանը:

Համերգին կհնչի նաև Բախի Երգեհոնի կոնցերտը, մենակատար՝ Թերեզա Ոսկանյան:

Յոհան Սեբաստիան Բախը «Մագնիֆիկատ»-ը ստեղծել է 1723 թվականի մայիսին: Բախն այդ շրջանում եկեղեցական ծառայության էր անցել Լայպցիգում, որտեղ էլ հենց նույն տարում՝ դեկտեմբերի 25-ին կայանում է ստեղծագործության պրեմիերան: Մագնիֆիկատը ստեղծագործություն է՝ գրված հնգաձայն երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար: Այն բացառիկ գեղեցկության և հզորության ստեղծագործություն է, որում միաձուլվում են ռենեսանսի ավանդույթներն ու 19-րդ դար տանող տենդենցները: Այս գործով Բախն ասես վերստեղծում է Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի տոնական ստեղծագործությունների ներկապնակն ու գույները՝ երաժշտության լեզվով: Հետևելով աստվածաշնչյան տեքստերին՝ Բախը վերստեղծում է նաև հանճարեղ երաժշտական կերպարներ, որոնց բնորոշ է մերթ փափուկ մեղեդայնությունը, մերթ աղոթքի և ապաշխարելու յուրատեսակ մթնոլորտը:

«Մագնիֆիկատ»-ը բաղկացած է 12 համարից, որոնցից յուրաքանչյուրը փոխանցում է ստեղագործության հիմնական գաղափարներն ու տրամադրությունը: Երաժշտությունն ու տեքստը միաձուլվում են՝ ստեղծելով յուրահատուկ ամբողջություն:

280