Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Ֆեյսբուք»-ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել էր «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի կողմից հետազոտության համար այնտեղ գտնվող իր 4-ամյա երեխային ծեծի ենթարկելու մասին: 

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը (ՆՄԲԿ) պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ ըստ որի՝ Կուրդովը եւ ՆՄԲԿ-ն անընդունելի են համարում տեղի ունեցածը, ինչի համար ներողամտություն են հայցում երեխայի ծնողներից: Մեկնաբանելով միջադեպը՝ նշել են.

«Բանն այն է, որ երեխան անկառավարելի էր մամայի ներկայությամբ, և բժիշկը, կրելով բժշկական պատասխանատվություն, պարտավորված լինելով «2-րդ կարծիք» տալ «առողջ սիրտ» գնահատված երեխային և հետազոտությունը տեսագրելու անհրաժեշտություն ունենալով, հարկավոր էր, որ երեխան հանգիստ պառկած լինի։ Իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարել կարողանալու նպատակով բժիշկ Կուրդովը սաստել է երեխային, ինչը, ցավոք, «հատուկ» մեկնաբանության է արժանացել իրավական տերմինաբանությանը ծանոթ Ավագյանների մոտ (խոսքը երեխայի ծնողների մասին է-խմբ.): Շատ լավ հասկանալով «ընտանեկան իրավաբանական արժանապատվությունը» «փրկելու» ձգտումը՝ հույս ենք հայտնում,որ Ավագյանները ձեռնպահ կմնան ողջ կյանքը մարդկանց առողջությանը նվիրած բժշկին հանիրավի պարսավելուց»:

ԲԺշկական Կենտրոնը նաեւ ներկայացրել է բժշկի անցած ուղին՝ նշելով, որ այն բավականին երկար է՝ լի բարդություններով և մեծ ձեռքբերումներով:

«Բժիշկ Կուրդովը՝ մանկական և պերինատալ սրտաբանության հիմնադիրներից է Հայաստանում, նա առաջիններից է, ով սկսեց խոսել պտղի սրտի ներարգանդային ախտորոշման մասին և զբաղվել դրանով։ 1993 թվականից մինչ այսօր Կարեն Կոնստանտինի Կուրդովի հետ աշխատում ենք միասին` կատարելով մեր առաքելությունը: 1993 - 2020թթ. բժիշկ Կուրդովը հետազոտել է մոտ 2500 հղիների, որոնցից 500-ի պտղի սրտի արատ է հայտնաբերվել և 24000 երեխայի սիրտ, որոնցից 3500 մոտ հիվանդություն է հայտնաբերվել: Երեխաները գտնվում են վերահսկողության տակ՝ մի մասը նորածնային տարիքից մինչև հղիություն, ներառյալ ներարգանդային վարում և վարկաբեկել բժշկին, ով երեխաների համար ոչինչ չի խնայում և անձնվեր կատարում է իր աշխատանքը, ուղղակի անթուլատրելի է: Սա համառոտ այն ճանապարհն է, որ բժիշկն անցել է ՆՄԲԿ թիմի հետ միասին: Մեր իրականությունում կան մարդիկ, որոնք փաստացի կասկածի տակ են դնում բժշկի ու իրա գործընկերների մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, ասելով, որ նա ծեծի է ենթարկել 4 տարեկան երեխայի՝ առանց խորամուխ լինելու մանրամասների և, բժշկական լեզվով ասած, «դեպքի հոգեբանության մեջ»,- գրված է բուժհաստատության տարածած հաղորդագրության մեջ:

19 Մարտ, 2021 17:36
436
; ;