Այսօր Araratnews.am-ն ահազանգ է ստացել Յոհաննես Լեփսիուսի անվան դպրոցի աշակերտներից, որոնք հայտել են, որ առավոտյան ժամը 8։30-10։00- ընկած հատվածում, հեռավար անցկացվող դասի ընթացքում, հանկարծակի հայտնվել է ոմն դիմակավորված անձ եւ ահաբեկել աշակերտներին։

«Նա դիմակով էր, խոսում էր ռուսերեն, հայհոյանքներ տեղալով, ասում էր՝ «Армения - это Азербайджан», «Армения - это больше не Армения, а Арменикистан», անընդհատ տալիս էր Բաքվի եւ Հայաստանի անունները։ Խոսքն ավարտելուց հետո նա սկսել է տարօրինակ ահաբեկող շարժումներ անել, պարել թուրքական երաժշտության ներքո, ինչ-որ տնքոցներ հանել եւ սպառնացել»,- պատմել է աշակերտներից մեկը, նշելով, որ բոլորը շատ են վախեցել եւ անմիջապես դուրս են եկել zoom-ից։ Դեպքը կատարվել է 5-րդ եւ 9-րդ դասարանցիների դասերի ժամանակ։ 

Մենք կապ հաստատեցինք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ադրբեջանցի հաքերները կարող են ազատ մուտք գործել Հայաստանի օգտատերերի մեդիատարածք եւ ինչպես կարելի է պարզել՝ հաքերը Հայաստանից է, թե Ադրբեջանից։

«Օգտատերին գտնելն արդեն անհնար է։ Ավելի հավանական է, որ երեխաներից մեկը որոշել է չար կատակ անել։ Դասին մուտք գործելու համար կա հրավեր-լինք։ Լինքը գտնելու համար ադրբեջանցիները պետք է դպրոցի կայքով գտնեն բաց լինքը եւ դրանով մուտք գործեն դասին, սակայն այսօր լինքերը հիմնականում տարածվում են դասարանների ընդհանուր չաթերում։ Այսինքն՝ ադրբեջանցին չի կարող գտնել այդ լինքը։ Ես ենթադրում եմ, որ երեխաները որոշել են չար կատակ անել»,- նշեց մասնագետը։

Մարտիրոսյանի խոսքով՝ ավելի ապահով զգալու համար հեռավար դասին մուտք գործելիս ուսուցիչները պետք է ստեղծեն «սպասասենյակներ» (waiting room), որտեղ դասի մասնակիցները պիտի սպասեն, մինչ ուսուցիչն ընդունի հայտը, իրենց թույլ տա մասնակցելու դասին։ Միայն այս դեպքում ֆեյքերը կամ այլ օգտատերեր չեն կարողանա մուտք գործել դասին, մինչեւ իրենց հայտը չընդունվի։

Մարիամ Գեւորգյան

2540