Մարտի 23-ին տեղի ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Անվտանգության համագործակցության ֆորումի ԱՄՆ նախագահության եզրափակիչ նիստը, որի ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանին փոխանցեց ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) քառամսյա նախագահությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախագահության փոխանցման առիթով ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց ԱՀՖ ԱՄՆ նախագահությանը գործադրված ջանքերի և համագործակցության համար: Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովումը պահանջում է համատեղ ջանքեր, կառուցողական ներգրավվածություն և երկխոսություն՝ որպես ուղենիշ սահմանելով ԵԱՀԿ հանձնառությունների անշեղ կատարումը: 

Խոսելով ԵԱՀԿ ԱՀՖ Հայաստանի նախագահության գերակայությունների մասին՝ դեսպան Արմեն Պապիկյանն առանձնացրեց սպառազինությունների վերահսկման, տարածաշրջանային անվտանգության այլ կազմակերպությունների հետ համագործակցության, վստահության և անվտանգության կառուցման միջոցների և ԵԱՀԿ ռազմաքաղաքական ոլորտի հանձնառությունների ու պարտավորությունների հետևողական իրագործման կարևորությունը: Այդ համատեքստում նա ընդգծեց, որ ԵԱՀԿ հանձնառությունների և պարտավորությունների խախտումները հանգեցնում են միջազգային անվտանգության համակարգերի խարխլմանը, ռազմական ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության նվազմանը, որն իր հերթին ուղղակիորեն վտանգում է մարդու իրավունքները, մասնավորապես՝ կյանքի իրավունքը: Շեշտվեց, որ նման մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի և դրա կառույցների արձագանքման ներուժի ամբողջական և արդյունավետ կիրառում: 

Ի գիտություն. Հայաստանը ԵԱՀԿ ԱՀՖ նախագահելու է 2021 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին: 

 

25 Մարտ, 2021 12:41
79
; ;