AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

 

Մեր զրուցակիցը ԵՊՀ  միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի շրջանավարտ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության եւ տեսության ամբիոնի «Ազգային անվտանգություն» մագիստրոսական ծրագրի մագիստրանտ Վարդան Լաբլաջյանն է:

 

Վարդան, տարածված կարծիք կա, որ Հայաստանը կարելի է բաժանել քաղաքագետների եւ ոչ քաղաքագետների: Գաղտնիք չէ, որ քաղաքագետի մասնագիտությունը աշխատանքային շուկայում ամենապահաջվածներից չէ: Կասեք` ինչպե՞ս նախապատվությունը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնին տվեցիք:

 

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար, մասնավորապես Ձեզ՝ ինձ հրավիրելու համար,  ինձ համար պատիվ է լինել այս կարեւոր նախաձեռնության հյուրը, որը ուսանողների ձայնը եւս մեկ անգամ լսելի է դարձնում։

Մասնագիտություն ընտրելը ամենաբարդ եւ ամենապատասխանատու քայլն է թե նորօրյա Հայաստանում եւ թե անցյալում, եւ պատահական  չէ, որ յուրաքանչյուր ոք իր ընտրությունը կատարում է նաեւ աշխատաշուկայում պահանջված լինելու հեռանկարով։ Ինձ համար «քաղաքագետի» մասնագիտությունը ընտրելն առաջնային որոշում էր, վստահ եմ, որ այն թույլ է տալիս պատկերացում կազմել ոչ միայն ներհայաստանյան, այլեւ համաշխարհային իրավիճակների գործընթացից։ Այսօր քաղաքագետի մասնագիտությունը դարձել է ոչ միայն ամենապահանջվածներից, այլեւ ամենացանկալիներից, քանզի տարբեր հարցազրույցներում մենք տեսնում ենք մասնագետների, որոնք, ունենալով այլ կրթություն եւ այլ մասնագիտություն, իրենց անվանում են քաղաքագետներ։ Մենք՝ քաղաքագետ ուսանողներս, պետք է կատարենք առաջին քայլը եւ այդ անվանը վերադարձնենք իր իսկական նշանակությունը։

 

Քաղաքագետի համար առանցքային նշանակություն ունի օտար լեզուների իմացությունը: Դուք ի՞նչ լեզուների եք տիրապետում:

Անխոս համաձայն եմ։ Առանց օտար լեզուների տիրապետման այսօր դժվար է պատկերացնել արտաքին պատուհանը, որը մեզ համար բացվում է, իսկ քաղաքագետի համար երկրիդ շահը միջազգային հարթակներում ներկայացնելը առանց օտար լեզուների տիրապետման ուղղակի անհնար է։ Տիրապետում եմ անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներին։

 

ԵՊՀ քաղաքագիտության բաժնում դասավանդվող առարկայացանկն ավելի շատ ներքին, թե՞ արտաքին քաղաքական ուղղվածություն ունի: Կթվարկե՞ք այն առարկաները, որոնք կարևոր դեր են խաղում քաղաքագետ անհատի կերտման գործընթացում:

Թե ներքին եւ թե արտաքին։ Յուրաքանչյուր առարկայի տրված է առաջին հերթին բովանդակություն, միտք եւ կապ։ Քաղաքագիտության բաժնում սովորող ուսանողները հաջողությամբ տիրապետում են Հայաստանում եւ արտասահմանում տեղի ունեցող իրավիճակներին, վերլուծում եւ ինչու չէ՝ հաճախ քննադատում են։ Պատահական չէ, որ այս մասնագիտությունը ստացող շատ ուսանողներ հնարավորություն են ստանում հետագայում իրենց աշխատանքային կարիերան շարունակելու նաեւ այլ ոլորտներում, իսկ այդ ամենը  մեզ ապահովում է մեր համալսարանական ճիշտ եւ գրագետ ընտրված առարկայացանկը։

 

 

Որպես ԵՊՀ ՈՒԳԸ-ի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ի՞նչ եք կարծում, այսօր արտերկրում կրթությունը շարունակելը կամ առհասարակ կրթություն ստանալն առավել հասանելի՞ է ուսանողի համար: Կասե՞ք, թե այս տեսանկյունից ինչ անխուսափելի խնդիրների է բախվում ուսանողը:

Այսօր որոշակի դժվարություններ են առաջացել համաճարակի հետ կապված, քանզի գաղտնիք չէ, որ մի շարք նախագծեր, որոնք պլանավորվում էին, ցավոք սրտի, չկարողացանք իրականացնել։ Վստահ եմ, որ իրավիճակի բարելավումից անմիջապես հետո մենք ունենալու ենք ուսանողներ, որոնք կկարողանան իրենց կրթությունը շարունակել արտասահմանյան բուհերում եւ հետագայում վերադառնալով՝ իրենց ստացած գիտելիքները փոխանցեն նաեւ մեզ։ Խնդիրներից ամենաակնառուն, որ կցանկանամ նշել, լեզվի իմացությունն է։ Հաճախ մայրենի լեզվին տիրապետող հրաշալի ուսանողներ, ցավոք, չեն կարողանում անցնել նախնական փուլերը լեզվի թերացման պատճառով:

 

 

Վարդան, ո՞րն է եղել Ձեր դիպլոմային աշխատանքի թեման: Այն ավարտելիս ի՞նչ հիմնարար եզրահանգումների եք եկել:

Ավարտական աշխատանքս «Հայկական հարցի արդիականությունը» վերնագիրն էր կրում։ Ուսումնասիրել էի այդ ժամանակաշրջանի մարտահրավերները, անցյալի խնդիրները ու բացերը, որոնք տեսանելի ապագայում իրենց կարող էին առաջին պլան մղել։ Ցավով պիտի նշեմ, բայց կանխատեսումներս իրականացան։ Հայ-ադրբեջանական պատերազմում մենք մնացինք մենակ եւ մեր քաղաքական ու դիվանագիտական  բացերը էլ ավելի երեւացին։ Եզրահանգումս մեկն է. պետք է արժեւորենք պատմությունը, մեր անցյալը, առանց անցյալի՝ ներկան եւ առավել եւս ապագան կառուցել անհնար է։ Պատահական չէ ասված՝ քաղաքականությունը ներկայիս պատմությունն է, իսկ պատմությունը անցյալի քաղաքականությունը։

 

Ուսանողների շրջանում տարածված կարծրատիպ կա, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության եւ տեսության ամբիոնի «Ազգային անվտանգություն» անվամբ մագիստրոսական ծրագիրը կադրեր է պատրաստում Ազգային անվտանգության կառույցների համար: Կարծում եմ, որ բոլոր թյուրըմբռնումները վերացնելու լավագույն տարբերակը ներկայացնելն է, թե ինչ առարկաներ եք ուսումնասիրում այդ մագիստրոսական ծրագրի շրջանակներում եւ ինչ որակավորում են ստանում շրջանավարտները:

Իրականում «Ազգային ավտանգություն» մագիստրոսական ծրագրով սովորող մեր շատ ուսանողներ իրենց հետագա աշխատանքային ընթացքը շարունակել են հենց այդ կառույցում, եւ մենք ունեցել ենք նաեւ ուսանողներ, ում առաջարկել ենք որպես կադրեր նաեւ Ազգային ավտանգության կառույցում։ Խնդիրն այն է, որ այս մասնագիտացումը, ինչպես եւ ցանկացած այլ մասնագիտացում, չի երաշխավորում, որ դու կհայտնվես այն վայրում, որը երազել ես։ Դասացանկը ներառում է՝ ահաբեկչության ուսումնասիրություն, անվտանգության խնդիրների վերլուծում, Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային քաղաքականություն, էներգետիկ անվտանգություն եւ այլ դասաժամեր։ Շրջանավարտները ստանում են քաղաքագետի որակավորում եւ ինչու ոչ նաեւ հետագայում ունենում ավելի մեծ շանսեր հայտնվելու անվտանգային կառույցներում, իրենց բազային եւ ստացած գիտելիքների շնորհիվ։

 

Անձամբ ես իմ ուսանողական տարիներից հիշում եմ, որ մայրենի լեզվով հասանելի մասնագիտական գրականություն, որպես այդպիսին, չկար: Իհարկե կար բոլորիս հայտնի Քաղաքագիտության դասագիրքը, բայց տարբեր առարկաների շրջանակներում դասախոսների կողմից էականորեն տարբերվող գրականություն էր հանձնարարվում, որը մեծամասամբ ռուսաց լեզվով էր: Մենք համակուրսեցիներով նյութը բաժանում էինք միմյանց մեջ ու թարգամանում: Հետաքրքիր է, այդ «ավանդույթը» մինչ օրս պահպանվե՞լ է:

Ես եւս սկզբնական շրջանում հայերեն նյութերի պակասի խնդրի բախվել եմ, բայց այսօր թե ուսանողների եւ թե համալսարանի դասախոսների շնորհիվ գրեթե բոլոր նյութերը եւ առարկաները հասանելի են դարձել մայրենի լեզվով։ Դա մեծ աշխատանք էր պահանջում, որը թե մեր համալսարանը եւ առավել եւս մեր ֆակուլտետը կարողացավ բարեհաջող կերպով հաղթահարել։ Այսօր մենք ունենք օնլայն հարթակներ,  մասնավորապես՝ «Դիվանագետի գրադարան» եւ «Քաղաքագետի գրադարան» կայքերը, որտեղ ուսանողները կարողանում են համապատասխան նյութերը հայերեն թարգմանությամբ անվճար ձեռք բերել։ Նաեւ մեծ դեր է խաղացել եւ խաղում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, քանզի այս կառույցի ղեկավարության եւ անդամների կողմից կատարվող աշխատանքը ի նպաստ ուսանողության է եւ անդրադառնում է նաեւ նյութերի թարգմանությանն ու տարածմանը նաեւ այս հարթակում։

 

Վարդան, հայոց պատմության իմացությունը շատ ու շատ հարցերում օգնում է հայ քաղաքագետին: Ի՞նչ կասեք համաշխարհային պատմության մասին: ԵՊՀ քաղաքագիտության բաժնում համաշխարհային պատմության աշխարհաքաղաքական կարևորագույն իրադարձությունները վերլուծող առարկաներ դասավանդվու՞մ են:

Հայոց պատմությունը այն աղն է, առանց որի անհնար է պատկերացնել հայ քաղաքագետի հետագա գործունեությունը,  եւ ես վստահ եմ,  որ պատմության շնորհիվ, մասնավորապես հայոց պատմության, ուսանողները էլ ավելի հմուտ են դառնում իրենց ոլորտում։ Միանշանակ նաեւ ուշադրություն են գրավում համաշխարհային պատմության առարկաները, որոնք պարզապես այլ դասաժամերի անվան տակ են ներկայացվում ուսանողներին, սակայն բովանդակությունը գերազանցում է ձեւին։ Կնշեմ պարոն Սողոմոնյանի, պարոն Վարդազարյանի, պարոն Գասպարյանի եւ իմ կողմից շատ սիրված ու հարգված մեր ամբիոնի վարիչների՝ պարոն Քեռյանի եւ պարոն Ենգոյանի առարկաները, որոնք համաշխարհային պատմության եւ համաշխարհային քաղաքականության այդ կիսաբաց դուռը մեր առջեւ էլ ավելի են բացում եւ ներակայացնում։

 

Ո՞ր գերատեսչությունում եք անցել Ձեր արտադրական պրակտիկան: Արդյունավե՞տ է եղել փորձաշրջանը:

Արտադրական պրակտիկան անցել եմ Ազգային ժողովում եւ կատարել առաջին քայլերս նաեւ պետական ոլորտում փորձառնություն ձեռք բերելու ուղղությամբ։ Այստեղ եւս կցանկանամ նշել տիկին Շափաղաթյանի անունը, ում շնորհիվ մի շարք ուսանողներ, բարդագույն փուլում գտնվելով, կարողացան հենց այս գերատեսչությունում անցնել իրենց պրակտիկան ( խոսքս 2018 թ. մայիսի մասին է) եւ իրենց երազանքի մի քայլը կատարեն դեպի պետական ոլորտ։

 

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք այն անձանց, որոնք իրենց գործունեությունը ցանկանում են քաղաքագիտության ոլորտում ծավալել:

 

Ամենակարեւորը ընտրություն կատարելիս եղեք զգոն, եղեք կշռադատված, եղեք պարտաճանաչ եւ գրագետ, առանց հաշվի առնելու այս կարեւոր գործոնները՝ որպես քաղաքագետներ դուք կմնաք ուղղակի լուսանցքում եւ միայն ձեռք կբերեք լավագույն դեպքում այն դիպլոմը, որը հետագայում ձեզ երբեք պետք չի գա։ Ուստի եթե որոշել եք իսկապես դառնալ քաղաքագետ եւ քաղաքականության ոլորտը մտածում եք, որ հենց ձերն է, ապա վստահ քայլերով շարժվեք ձեր երազանքի եւ նպատակների հետեւից։

Շնորհակալ եմ:

 

Ես եմ Ձեզ շնորհակալ հանգամանալից զրույցի համար:

 

Օլյա Շահինյան

44924