Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ Երևանի պետական համալսարանում մեկնարկել է COST-UniDive երկրորդ ձմեռային դպրոցը, որը համախմբել է շուրջ 20 երկրի 60 մասնակցի՝ քննարկելու, թե ինչպես են լեզվական տեխնոլոգիաները թույլ տալիս նկարագրել և ներառել լեզվական բազմազանությունն արհեստական բանականության առօրյա գործիքներում։ Ծրագիրը կանցկացվի հունվարի 19-24-ը։
Ողջունելով ձմեռային դպրոցի աշխատանքների մեկնարկը և կարևորելով դպրոցի անցկացումը Հայաստանում՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը նշել է, որ չնայած տեխնոլոգիական արագ զարգացումներին՝ բազմաթիվ օգտատերերի համար լեզվական տեխնոլոգիաներն ու արհեստական բանականության գործիքները դեռևս դիտվում են դժվարամատչելի նոր հնարավորություններ։
Գործընկերության շրջանակում ԵՊՀ-ում հյուրընկալվել են լեզվական տեխնոլոգիաների և բնական լեզվի մշակման ոլորտի հետազոտողներ և ուսանողներ Եվրոպայի մի շարք բուհերից, այդ թվում՝ Փարիզ-Սակլե (Ֆրանսիա), Կարլի (Չեխիա), Ուփսալայի (Շվեդիա), Սաարլանդի (Գերմանիա), Հայդելբերգի (Գերմանիա) համալսարաններից, Լյուքսեմբուրգի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտից և այլ կառույցներից։
Ձմեռային դպրոցն օրինակ է, թե ինչպես կարող է ԵՊՀ-ի ավելի սերտ ինտեգրումը ԵՄ հետազոտական ենթակառուցվածքներում ու նախագծերում խթանել թվանշային հումանիտար գիտությունների զարգացումը Հայաստանում՝ թիրախային գիտական նախագծերի միջոցով ու պետական գերատեսչությունների հետ նպատակային գործակցությամբ։
ԵՊՀ-ում անցկացվող ձմեռային դպրոցը կազմակերպվել է COST (European Cooperation in Science and Technology) UniDive-«Ընդհանրությունները, բազմազանությունն ու յուրատիպությունը լեզվական տեխնոլոգիաներում» նախագծի շրջանակում։ Նախագծի հայաստանյան գործընկերը Երևանի պետական համալսարանն է՝ ի դեմս «Հայերենի լեզվական տեխնոլոգիաներ» հետազոտական աշխատարանի, որը գործում է ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի երաշխավորությամբ՝ գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային դրամաշնորհի շրջանակում։


