AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանող (բակալավր) Արթուր Ադամյանն է:

Արթուր, ինչպե՞ս նախապատվությունը տվեցիք հատկապես ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնին:

Փոքր տարիքում մշտապես հետաքրքրություն եմ ցուցաբերել քաղաքականության նկատմամբ, քանի որ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ հենց քաղաքական գործիչներն են ամեն ինչ որոշում աշխարհում, իսկ ես ցանկանում էի աշխարհը փոխել, դարձնել ավելի լավը։ Ժամերով նստում էի հեռուստացույցի դիմաց, դիտում, թե ինչ իրադարձություններ են կատարվում աշխարհում, փորձում էի որոշակի պատկերացումներ ձևավորել, եզրահանգումներ կատարել։

Ավելի հասուն տարիքում, երբ արդեն ավագ դպրոցի աշակերտ էի ու մասնագիտական կողմնորոշման խնդիր էր դրվել, բուհի ընտրության հարցում երկար չեմ մտածել։ Երևանի պետական համալսարանը այդժամ այլընտրանք չուներ ինձ համար․ մեծ պատիվ էր Մայր բուհի մի մասնիկը զգալու հեռանկարի գիտակցումն անգամ։ Ֆակուլտետի ընտրությունը նույնպես հեշտությամբ իրականացրի․ չէ՞ որ հենց այս ֆակուլտետը ինձ հնարավորություն կտար ուսումնասիրելու քաղաքականությունն իր ամբողջ «հմայքով»։

Բայց ահա բաժինը ընտրելիս կանգնեցի լրջագույն դիլեմայի առջև․ «Հանրային կառավարում» բաժինը ի սկզբանե չէի դիտարկում, որովհետև գտնում էի, որ այս բաժնում ուսանելիս չեմ ստանա այն գիտելիքները, որոնց համար ընդունվում էի համալսարան։ «Միջազգային հարաբերություննե՞ր, թե քաղաքագիտություն»՝ այս էր խնդիրը։ Ի վերջո ընտրեցի քաղաքագիտությունը, որովհետև նախ՝ այն գիտություն էր և հետո՝ «Միջազգային հարաբերություններ» բաժինը սովորաբար շատ դիմորդներ էին ընտրում՝ հեղինակության համար, իսկ ես իմ բնավորությամբ ոչ ստանդարտ որոշումներ ընդունող, մեծամասնության կարծիքին չհետևող անհատ եմ։

Հետագայում ուսումնառությունս ցույց տվեց, որ այս դրդապատճառները թեև պարզունակ էին, բայցևայնպես քաղաքագիտության բաժինը ընտրելը կարևոր և ճիշտ որոշում էր։

Ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում ապագա քաղաքագետները: Դրանցից որո՞նք են օգնում  ուսանողի հետագա ուսումնառության շրջանում:

Ապագա քաղաքագետները բազմաթիվ հետաքրքիր և բովանդակալից առարկաներ են անցնում։ Թերևս, անշնորհակալ գործ է առանձնացնելը ինչ-որ առարկաներ, բայց կոնկրետ ինձ համար ամբողջ ուսումնառության ընթացքում օգնել ու դեռ կօգնեն պարոն Վարդումյանի դասավանդած «Փիլիսոփայություն» և պարոն Սարգսյանի դասավանդած «Ռազմավարական մշակույթ» առարկաները։ «Փիլիսոփայություն» առարկան օգնում է ոչ միայն ուսումնառության, այլև ամբողջ կյանքի ընթացքում՝ տարբեր երևույթներ և իրադարձություններ ճիշտ հասկանալու և մեկնաբանելու համատեքստում, իսկ «Ռազմավարական մշակույթ» առարկան՝ լավ քաղաքագետ դառնալու ճանապարհին ֆունդամենտալ նշանակություն ունի, քանի որ օգնում է հասկանալու տարբեր երկրների որդեգրած քաղաքական կուրսի էությունը և պատմական հենքերը, դրդապատճառները, սովորեցնում է ռազմավարական  մտածողության դերն ու նշանակությունը քաղաքականության իրականացման գործում։

Կառանձնացնեի ոչ միայն ու ոչ այնքան առարկաների, որքան դասախոսների դերն ու նշանակությունը․ պարոն Քեռյանի ու պարոն Ենգոյանի գլխավորությամբ՝ կցանկանայի երախտիքի խոսք հղել տիկին Շափաղաթյանին, պարոն Շահգելդյանին, պարոն Մարտիրոսյանին ու հատկապես՝ պարոն Ալեքսանյանին, ոչ միայն բարձր մակարդակով դասապրոցեսը կազմակերպելու, այլև դասընթացներից դուրս՝ ուսանողների հետ կատարված աշխատանքի և վերաբերմունքի համար։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնին շրջանավարտը ո՞ր ոլորտներում կարող է աշխատել:

Աշխատանք գտնելու հարցը միշտ էլ խնդրահարույց է եղել ու թերևս՝ կլինի։ Տեսականորեն՝ քաղաքագետը կարող է աշխատել Ազգային ժողովում, կառավարությունում, վերլուծական-հետազոտական կենտրոններում, կայքի կամ թերթի խմբագրությունում, միջազգային կազմակերպություններում կամ հասարակական կազմակերպություններում, զբաղվել նաև քաղաքականությամբ՝ կուսակցական որևէ պաշտոն զբաղեցնելով։ Սակայն պահանջարկ, որպես այդպիսին, ես չեմ տեսնում հատկապես պետության կողմից՝ քաղաքագետի ներուժը և ստացած գիտելիքները հանուն մեր պետության ծառայեցնելու գործում։

Ի՞նչ լեզուներ են ուսումնասիրում ապագա քաղաքագետները: Ձեր կարծիքով՝ հայ քաղաքագետի համար հատկապես ո՞ր օտար լեզվի յուրացումն է նպատակահարմար:

Երեք տարի սովորել եմ անգլերեն, մեկուկես տարի՝ ռուսերեն։ Հայ քաղաքագետի համար շատ կարևոր է հենց այս լեզուների եթե ոչ գերազանց, ապա լավ իմացությունը։ Սակայն չպետք է մոռանալ հայոց լեզվի գերազանց իմացության մասին, որը պարտադիր է հայ քաղաքագետի համար՝ գրագետ և ճիշտ խոսույթի և գրույթի կառուցման համատեքստում։

Ո՞ր հաստատություններում են իրենց փորձաշրջանն անցնում ձեր բաժնի ուսանողները:

Մեր բաժնի ուսանողները հիմնականում պրակտիկա են անցնում Ազգային ժողովում, ինչպես նաև կառավարությունում՝ ՊՆ, ԱԳՆ, որոշ դեպքերում՝ նաև քաղաքապետարանում կամ այլ պետական հաստատություններում։ Սակայն այստեղ էլ շատ մեծ խնդիր է պրակտիկայի կազմակերպման արդյունավետությունը, որը, շատ ուսանողների գնահատմամբ, բավականին ցածր է։ Պրակտիկան դարձել է «ձևական ավանդույթ», իսկ դրանից հետո նույն վայրում աշխատանքի անցնելու հեռանկարը՝ գրեթե զրոյական։ Այս համատեքստում, թերևս, անհրաժեշտ է ամրապնդել բուհ-աշխատաշուկա կապը՝ ուսանողներին հնարավորություն տալով կիրառել ձեռք բերած գիտելիքները և հմտությունները:

Ի՞նչ  մագիստրոսական ծրագրեր են գործում քաղաքագիտության ոլորտում մասնագիտանալ ցանկացող անձանց համար: Դուք ավելի շատ ո՞ր ծրագրին եք հավակնում:

Երևանի պետական համալսարանում քաղաքագետների համար գործում են «Ազգային անվտանգություն», «Եվրոպագիտություն», «Կիրառական քաղաքագիտություն», «Համաշխարհային քաղաքականություն», «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում», «Միջազգային իրավունք», ինչպես նաև՝ վերջերս սկսվել է «Ամերիկագիտություն» նոր մագիստրոսական ծրագրի իրականացումը։

Բավականին վաղուց որոշել եմ ու բազմիցս նշել եմ, որ չեմ ցանկանում շարունակել ուսումս ԵՊՀ-ում։ Դիտարկում եմ արտերկրում այն շարունակելու տարբերակը։

Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ապա բակալավրիատի կրթական ծրագրում ի՞նչ փոփոխություններ կկատարեիք:

Ինչպես նշեցի, անգլերեն և ռուսերեն լեզուներ մեզ դասավանդում են երեք և մեկուկես տարի՝ համապատասխանաբար, ինչը, թերևս, սխալ մոտեցում է։ Անգլերեն և ռուսերեն լեզուները ես կդարձնեի պարտադիր ամբողջ բակալավրիատի համար, ինչպես նաև առնվազն երկու տարի կդարձնեի հայոց լեզվի դասավանդման ժամանակաչափը։ «Հայոց պատմություն» առարկայի ծրագիրը նույնպես կփոխեի՝ դարձնելով ավելի նեղ քաղաքագիտական, շեշտը դնելով պատմական փաստերի և իրադարձությունների վերլուծման և գնահատման, այլ ոչ՝ ուղղակի փաստերի շարադրման վրա։

Կմտցնեի ուսումնական ծրագիր «Արցախյան հակամարտություն» առարկան՝ ընդ որում պարտադիր դարձնելով այն ամբողջ բակալավրիատի համար։ Հատկապես այս փուլում, երբ մեր պետությունը ծանրագույն վիճակում է, քաղաքագետները պարտավոր են խոր և համապարփակ գիտելիքներ ունենալ Արցախյան հակամարտության մասին, ինչը, ցավոք, գրեթե իսպառ բացակայում է։ Ինչու ոչ, կմտցնեի նաև «Տրամաբանություն» առարկան՝ երևույթների պատճառահետևանքային կապը ճիշտ հասկանալու համար։

Մասնագիտական գրականության հետ կապված ի՞նչ խնդիրների է հանդիպում ուսանողը:

Քաղաքագետների համար մասնագիտական գրականությունը հիմնականում ռուսերեն և անգլերեն լեզվով է։ Պատճառը թերևս այն է, որ քաղաքագիտությունը նոր զարգացող գիտություն է Հայաստանում և քաղաքագիտական գրականության թարգմանություններ բավականին քիչ են արվել։ Սա մի կողմից խնդիր է ուսանողների համար, քանի որ շատերը լավ չեն տիրապետում անգլերենին և հատկապես ռուսերենին՝ այս կամ այն աշխատությունը կամ հոդվածը բնագրով կարդալու և թարգմանելու համար։ Սակայն մյուս կողմից՝ կարծում եմ, սա լրացուցիչ խթան պետք է հանդիսանա, որ ուսանողը, գիտակցելով այս փաստը, զարկ տա լեզուների իմացության զարգացմանը։ Լավ ու մրցունակ քաղաքագետ դառնալու համար անհրաժեշտ է բնագրով կարդալ մասնագիտական գրականությունը, ինքնուրույն՝ առանց որևէ մեկի օժանդակության թարգմանել, փորձել վերլուծել՝ գրի առնելով հիմնական, ելակետային մտքերը։ Շատ դեպքերում ավելի ցածր կուրսում սովորող ուսանողները բարձր կուրսեցիներից են խնդրում, որ իրենց տրամադրեն թարգմանությունների պատճենները․ սա հեշտ, բայց և սխալ մոտեցում է, որից հորդորում եմ հրաժարվել։ Հորդորում եմ նաև չսահմանափակվել կարդալով միմիայն համալսարանում հանձնարարվող գրականությունը․ ի վերջո՝ քաղաքագիտությունը բազմաբովանդակ է և ընդգրկուն, իսկ մասնագիտական գրականությունը՝ բավականին հետաքրքիր և ծավալուն։

Ընդունելության քննությունների առարկայացանկի հետ կապված ի՞նչ առաջարկներ կանեիք: Ըստ Ձեզ, ապագա քաղաքագետի համար այն ճի՞շտ է ընտրված:

Ես հանձնել եմ երեք առարկա՝ հայոց լեզու և գրականություն, անգլերեն և հայոց պատմություն։ Գտնում եմ, որ այս առարկաները ճիշտ էին ընտրված և կարևոր են ապագա քաղաքագետի համար։ Սակայն այստեղ հարցը ոչ թե առարկայացանկն է, այլ գիտելիքները ստուգելու մեթոդաբանությունը։ Շտեմարանները չեն կարող գիտելիքը ստուգող արդյունավետ միջոց լինել․ անձնական օրինակով եմ համոզվել, երբ անգլերեն առարկայից, օրինակ, միասնական քննությունը հանձնելիս ստացա ընդամենը տասնչորս, իսկ համալսարանում՝ վեց կիսամյակ շարունակ, անգլերենիս իմացությունը գնահատվել է քսան (հայոց պատմություն և հայոց լեզու առարկաների գնահատականներս նույնպես քսան են եղել համալսարանում)։ «Անգիրիզմի» ինստիտուտը պետք է փոխվի՝ ապագա ուսանողին իրական հնարավորություն ընձեռելով մտածելու և վերլուծելու։

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտայիք ապագա քաղաքագետներին:

Ապագա քաղաքագետներին խորհուրդ եմ տալիս շատ կարդալ մասնագիտական գրքեր և հոդվածներ, անպայման ժամանակ անցկացնել գրադարաններում՝ զբաղվելով ինքնակրթությամբ, զարգացնել բանավիճելու և հանրային խոսքի հմտությունները, մասնակցել ոչ ֆորմալ կրթական ծրագրերի և դասընթացների։ Կցանկանայի, որ ապագա քաղաքագետները շատ հարցեր տային դասախոսներին, փորձեին քառակուսուց դուրս մտածել, զարգացնեին քննադատական մտածողությունը և մեդիագրագիտությունը։ Կարևոր է, որ չվախենան կարծիք արտահայտելուց և սխալվելուց, բայց առավել կարևոր է, որ խոսեն փաստարկված և հիմնավոր։ Իսկ դրա համար խորհուրդ եմ տալիս լավ սովորել ու սիրել ընտրած մասնագիտությունը և անպայմանորեն հիշել, որ քաղաքականությունը հանրային կյանքի ամենաբարդ ոլորտն է, որով պետք է զբաղվեն արհեստավարժ, կոմպետենտ մասնագետները։ Ուրեմն միշտ ձգտեք ավելիին և դարձեք ԼԱՎԱԳՈՒՅՆԸ, միմիայն ԼԱՎԱԳՈՒՅՆԸ։

Օլյա Շահինյան

12804