Araratnews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտի առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է։
Araratnews.am-ի թղթակցի զրուցակիցն է Եվրոպական համալսարանի Լեզվաբանություն, թարգմանչական գործ բակալավրիատի կրթական ծրագրի ուսանողուհի Նաիրա Անդրյանը։
Նաիրա, ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը: Շուկայում տվյալ մասնագիտության պահանջա՞րկը մոտիվացրեց Ձեզ:
Անկեղծ ասած՝ մանկուց սիրել եմ, և մանկության երազանք է եղել թարգմանիչ դառնալը, և բացի այդ, կարծում եմ, շուկայում իսկապես կա պահանջարկ։
Ինչո՞ւ նախապատվությունը Եվրոպական համալսարանին տվեցիք:
Եվրոպական համալսարանը պարզապես սիրեցի, որովհետև տարբերվում է, բացի այդ՝ շատ հնարավորություններ է տալիս։
Ի՞նչ առարականեր եք ուսումնասիրել և ներկայում ուսումնասիրում համալսարանում:
Մասնագիտականից զատ, առաջին կուրսում էկոլոգիա, հայոց լեզու, քաղպաշտպանություն, մշակութաբանություն, ռուսերեն, հետազոտության հիմունքներ, իսկ այժմ՝ իրավագիտություն, փիլիսոփայություն, հոգեբանություն։
Ի՞նչ առաջնահերթ հատկանիշներ պետք է ունենա լեզվաբանն իր մասնագիտության մեջ հաջողելու համար:
Լինի համարձակ, ունենա հստակ խոսք, լավ տիրապետի լեզվին և չկաշկանդվի։
Համալսարանից զատ, լրացուցիչ պարապմունքների կամ դասընթացների հաճախո՞ւմ եք՝ Ձեր մասնագիտական գիտելիքներն է՛լ ավելի ամրապնդելու համար:
Ոչ, որովհետև համալսարանը բավականին շատ գիտելիքներ է տալիս, հարկավոր է պարզապես վերցնել այն։
Ֆրանսերենի յուրացումը հե՞շտ է: Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ֆրանսերեն լեզուն յուրացնել ցանկացողներին (սկսնակներին):
Հեշտ է։ Ցանկություն և լեզվի նկատմամբ սեր է պետք, սկսնակներին խորհուրդ կտամ լավ հիմք դնել։
Ո՞ր ուղղությամբ եք ծրագրում ստանալ Ձեր մագիստրոսական կրթությունը և որտեղ:
Անկեղծ ասած՝ դեռ չեմ որոշել, բայց, կարծում եմ, առավել կխորանամ իմ մասնագիտական ոլորտում։
Մի փոքր կխոսե՞ք Եվրոպական համալսարանում ուսանողական կյանքի առանձնահատկություններից:
Բավականին հաճելի և ընկերական միջավայր է տիրում համալսարանի ներսում, կան ուսանողների հանգստի համար նախատեսված վայրեր ամեն հարկում, առանձնահատկությունն այն է, որ կարող ես ձեռք բերել մի շարք օտարերկրյա ընկերներ։
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք Եվրոպական համալսարանի ապագա ուսանողներին։
Լավ սովորել։
Երբևէ զղջացե՞լ եք Ձեր մասնագիտության ընտրության համար:
Անկեղծ ասած, երբևիցե չեմ զղջացել իմ որևէ արածի կամ ընտրության համար, ես սիրում եմ իմ մասնագիտությունը և կարծում եմ, որ դա իմ կյանքի լավագույն ընտրությունն է եղել։
Թագուհի Մանուկյան