AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Հայկական բժշկական ինստիտուտի Բուժական ֆակուլտետի ուսանող, Բժիշկ ուսանողների միության անդամ Արմեն Մնացականյանն է:

Արմեն, գաղտնիք չէ, որ բժշկի մասնագիտությունը պահանջում է բարձր պատասխանատվություն և անձնուրաց նվիրում: Անձամբ Դուք ունե՞ք պահանջվող այն հոգեբանական հատկանիշները, որոնք անհրաժեշտ են արհեստավարժ ու կոմպետենտ բժիշկ լինելու համար: Ըստ Ձեզ, որո՞նք են դրանք:

Այո, միանշանակ ճիշտ եք, բժշկի մասնագիտությունը պահանջում է բարձր պատասխանատվություն և նվիրվածություն։ Ես այդ ամենը քաջ գիտակցելով, մայրիկիս օրինակով, տարիներ առաջ որոշեցի կյանքս կապել բժշկության հետ։ Խելացի և պրոֆեսիոնալ բժիշկը պետք է լինի աշխատասեր և միշտ ձգտի կատարելության։ Քանի որ ինձ համար բժիշկ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև ապրելակերպ, ուստի, բժիշկը պետք է օժտված լինի հոգեբանական և մարդկային բարձր հատկանիշներով, որպեսզի կարողանա ոչ միայն իր պացիենտի մարմինը բուժել, այլ նաև հոգին։

Ի՞նչ սկզբունքով են Հայկական բժշկական ինստիտուտում կազմակերպվում միջանկյալ ստուգումներն ու ավարտական քննությունները:

Թող ասածս մեծամտություն չթվա, բայց գոնե թե միայն ինձ համար, Հայկական բժշկական ինստիտուտը հանդիսանում է լավագույն բուհը, բոլոր մասնավոր բժշկական բուհերի շարքում։ Մեր բուհում առկա են այն բոլոր արդի պայմանները, ինչը պետք է բանիմաց և պրոֆեսիոնալ բժիշկ դառնալու համար։ Ունենք գերժամանակակից նյութատեխնիկական բազա, արդի պահանջներին համապատասխանող լաբորատորիաներ, անատոմիական թանգարան և այլն։ Պրոֆեսորադասախոսական կազմը կազմված է կենսաբժշկության և բժշկագիտության ոլորտի լավագույն ներկացուցիչներից (բժշկագիտության թեկնածուներ, դոկտորներ, պրոֆեսորներ, դոցենտներ), որոնք ջանք ու եռանդ չեն խնայում մեզ կրթելու և իբրև Հիպոկրատի երդվյալներ կյանք ճանապարհելու համար։ Դե, իսկ ինստիտուտի պատվարժան ղեկավարությունը մշտապես ամուր կանգնած է ինստիտուտի յուրաքանչյուր ուսանողի կողքին, և իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի մենք՝ ուսանողներս, ստանանք բարձրակարգ կրթություն։

Հետագայում բժկության ո՞ր ուղղությամբ եք ցանկանում մասնագիտանալ:

Գիտեք, անշուշտ, բժշկագիտության ոլորտում բոլոր նեղ մասնագիտություններն էլ շատ կարևոր են, այնուամենայնիվ ես կընտրեմ օնկովիրաբուժությունը։

Ձեր կարծիքով՝ բժշկությունն Աստծո կողմից մարդուն տրված շնորհ է, թե՞, այնուամենայնիվ, մեծ աշխատասիրության դեպքում հնարավոր է կոմպետենտ բժիշկ դառնալ:

Կարծում եմ՝ երկուսն էլ մեծ դեր ունեն։ Քանի որ մեծ ցանկության և աշխատասիրության շնորհիվ իհարկե կարող ես լավ բժիշկ դառնալ, այնուամենայիվ, բժիշկը ամենակարող չէ, երբեմն լինում են այնպիսի իրավիճակներ, որ բժշկի ուժերից վեր է լինում պացիենտի կյանքի և/կամ առողջության պահպանումը։

Հայկական բժշկական ինստիտուտի բոլո՞ր շրջանավարտներն են հետագայում իրենց մասնագիտությամբ աշխատում: Կա՞ն դիպլոմավորված բժիշկներ, որոնք այլ ոլորտներում են աշխատում: Եթե այո, որո՞նք են այդ ոլորտները:

Հայկական բժշկական ինստիտուտը գործում է ավելի քան 30 տարի, իր գործունեության ընթացքում ունեցել է բազում շրջանավարտներ, որոնք արդեն դարձել են հանրաճանաչ բժիշկներ ոչ միայն մեր հանրապետությունում, այլև աշխարհի տարբեր երկրներում։

Այնուամենայնիվ, բժշկին ավելի շատ տեսակա՞ն, թե գործնական գիտելիքներն են «օգնության ձեռք» մեկնում՝ մասնագիտական գործունեությունը ծավալելիս:

Իմ կարծիքով, երկուսն էլ կարևոր են։ Արհեստավարժ բժիշկը պետք է օժտված լինի և տեսական գիտելիքներով, և գործնական հմտություններով, այս երկու կոմպոնենտներից ոչ մեկը առանձին գոյություն ունենալ չի կարող։

Հայկական բժշկական ինստիտուտի շրջանավարտը տիրապետու՞մ է, արդյոք, համապատասխան հմտությունների՝ արտերկրում իր մասնագիտական գործունեությունը ծավալելու համար:

Քանի որ մեր բուհում ողջ ուսումնական պրոցեսն ընթանում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, ուստի Հայկական բժշկական ինստիտուտն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտ, հետբուհական կրթությունն ստանալուց հետո, հեշտությամբ կարողանում է ստեղծել իր մասնագիտական կարիերան։

Գործնական պարապմունքների (պրակտիկայի) ընթացքում եղե՞լ է դեպք, որ վախեցել եք ու զղջացել, որ բժշկի մասնագիտությունն եք ընտրել:

Միանգամայն ոչ, ընդհակառակը, գործնական պարապմունքների ընթացքում էլ ավելի եմ համոզվել, որ մասնագիտության ընտրության հարցում ճիշտ որոշում եմ կայացրել։

Հայկական բժշկական ինստիտուտում ուսանելու շրջանում Ձեզ համար հատկապես ամենաբարդ առարկաները որո՞նք են եղել, որոնցից քննություն հանձնելն իսկապես բարդ է եղել:

Կարծում եմ, բժշկական բուհում չկան հեշտ կամ դժվար առարկաներ, ամբողջ ուսումնառության ընթացքում չի կարելի ոչ մի առարկայի մատների արանքով նայել։

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա բժիշկներին:

Խորհուրդս հետևյալն է. ով ցանկանում է ընտրել բժշկի ուղին, պետք է պատրաստ լինի ցանկացած դժվարության և ոչ մի դեպքում չպետք է տրտնջա։ Պետք է հիշել, որ բժիշկ լինելը ոչ միայն կոչում է, այլ նաև կենսակերպ, որը մեզ ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում։ Ապագա բժիշկներ, հիշե՛ք. դժվարը ուսումնառության տարիներն են, դրանից հետո էլ ավելի դժվար է լինելու։

 

Թագուհի Մանուկյան

 

148397