AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողուհի Արեգնազ Չոբանյանն է:

Արեգնազ, ինչպե՞ս ընտրեցիք պատմաբանի մասնագիտությունը:

Առհասարակ, մասնագիտության ընտրության հարցը յուրաքանչյուր անձի համար կարեւորագույնն եմ համարում, քանի որ մարդն ինքը իր ողջ կյանքը անցկացնում է մասնագիտական այդ ոլորտում։

Պատմաբանիս մասնագիտությունը ընտրելու հարցում կարևոր դեր է ունեցել իմ պատմության ուսուցչուհին, որը յուրաքանչյուր հարցով ինձ օժանդակում էր մասնագիտության ու առհասարակ ընդունելության քննության հետ կապված, և ծնողներս, որոնքր աջակցում են ինձ։

Արեգնազ, մի փոքր կխոսե՞ք ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասավանդվող առարկաներից։ Ո՞րն է հիմնական առարկայացանկը։

Պատմության ֆակուլտետն ունի 5 բաժին։ Դասավանդվող առարկաներից են՝ Աղվանքի պատմությունը, Կովկասի ազգագրություն և էթնոքաղաքականությունը, վրացերեն/ադրբեջաներեն լեզուները, Մշակութային քաղաքականությունը, Ուրբանիզմի պատմությունը, Եվրոպայի և Մերձավոր արեւելքի մշակույթը, Դիցաբանությունը, ուրարտերենը, Բյուզանդական արվեստը, Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի արվեստը, Հին Արեւելք, Համաշխարհային պատմությունը և այլն։ Հիմնական առարկայացանկում ներառված է. Հայոց պատմություն, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի պատմություն, Գրաբար, Ռուսատանի պատմություն, Հնագիտություն, Հայաստանի պատմական աշխարհագրություն և այլն։

Ո՞ր առարկաներից է հարկավոր ընդունելության քննություն հանձնել հենց ԵՊՀ պատմության ֆակուլտետ ընդունվելու համար: Առարկայական այդ ցանկի հետ կապված՝ Դուք առարկություններ կամ նորովի առաջարկներ ունե՞ք:

Ընդունելության քննական առարկները համարվում են Հայոց լեզուն և Հայոց պատմությունը։ Բացի այս երկու առարկայից, առաջարկում եմ նաև օտար լեզվից քննություն։

ԵՊՀ պատմության ֆակուլտետն ուսանողին մանկավարժի որակավորում տալի՞ս է:

Այո։

ԵՊՀ պատմության ֆակուլտետում հիմնականում ի՞նչ մագիստրոսական ծրագրեր են գործում:

Ֆակուլտետային հիմնական մագիստրոսական ծրագրերից են համարվում Սփյուռքագիտության, Կովկասագիտության, Արվեստաբանության, Հնագիտության, Հայագիտության, Հայոց պատմության և Մշակութաբանության ամբիոնների համապատասխան նեղ մասնագիտացումները։

Ի՞նչ սկզբունքով են ԵՊՀ-ում անցկացվում միջանկյալ ստուգումներն ու ավարտական քննությունները:

Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում անցկացվող թե՛ միջանկյալ, թե՛ ավարտական քննությունները վերահսկվում են տվյալ առարկայի դասախոսի կողմից։

Ի՞նչ լեզուներ են ուսումնասիրում ապագա պատմաբանները: Ձեր կարծիքով, պատմաբանի համար հատկապես ո՞ր լեզուների յուրացումն է առանցքային:

Պատմաբանի համար կարեւոր է ռուսերենի և անգլերենի իմացությունը, քանի որ մասնագիտական գրականությունը վերոնշյալ լեզուներով են։

Առհասարակ, ԵՊՀ-ում ինչպիսի՞ն է ուսանողական կյանքը` մասնավորապես դասախոս-ուսանող փոխհարաբերությունները:

Ուսանողական կյանքը ԵՊՀ-ում շատ հետաքրքիր է անցնում։ Համալսարանն ունի իր կառույցները։ Կապված դասախոս-ուսանող հարաբերության հետ՝ կոնկրետ Պատմության ֆակուլտետում փոխադարձ հարգանքի մթնոլորտում է։

Մայրենի լեզվով մասնագիտական գրականությունը ձեզ հանձնարարվող գրականության քանի՞ տոկոսն է կազմում:

Մայրենի լեզվով տրվող գրականությունը բավականին քիչ է։

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա համալսարանականին:

Խորհուրդս ապագա դիմորդներին կլինի այն, որ տարրական դասարանից սկսած ուշադրություն դարձնեն իրենց ուսամանը, շարունակեն զբաղվել ինքնակրթությամբ և չսահմանափակվեն միայն հանձնարարված տնային առաջադրանքով, այլ այցելեն գրադարաններ, թանգարաններ, կատարեն բազմապիսի ուսումնասիրություններ, տիրապետեն օտար լեզվի, մասնակցեն կամավորական աշխատանքների, ընդլայնեն իրենց ծանոթությունների շրջանակը։ Այս ամենը կտա մարդուն այնպիսի գիտակցություն, որ կկարողանա կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն։ Այն 4 տարիները, որ բացարձակապես նվիրելու եք տվյալ ոլորտը ուսումնասիրելու համար, լավագույնն ու հաճելին են լինում ճիշտ մասնագիտական ընտրության հարցում։

Նախքան մասնագիտության հարցում ընտրություն կատարելը դեռ երկմտում էի, սակայն տվյալ ոլորտի հետ կապ ունեցող գրականության ուսումնասիրումը, ոլորտի անձնաց հետ շփում ունենալը օգնեց ճիշտ ընտրություն կատարել։ Այսօր ես արդեն իմ ամենասիրելի մասնագիտության կես ճանապարհին եմ գտնվում։

Օլյա Շահինյան

8112