AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը` ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Նարե Դարբինյանն է:

Նարե, կենսաբանությունը ժամանակատար, մշտապես զարգացող ոլորտ է: Ինչպե՞ս նախապատվությունը հենց այդ  մասնագիտությանը տվեցիք:

Անկեղծ ասած՝ բավականին երկար ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել մասնագիտությանս ընտրութան հարցում։ Բայց դրա հետ մեկտեղ, դեռ մանկուց շատ էի սիրում բնությունը, բնության հետ կապված յուրաքանչյուր հարց ինձ ամենից շատն էր հետաքրքրում։  Երբ  եկավ այն  ժամանակահատվածը, որ պետք է հստակ որոշեի իմ ապագա մասնագիտությունը, հասկացա, որ այն սերն ու հետաքրքրությունը, որ ունեմ բնության նկատմամբ, կարող եմ խորացնել և ընդլայնել հենց կենսաբանության շնորհիվ: Եվ ընտրեցի հենց կենսաբանի մասնագիտությունը։ Իհարկե, մասնագիտությանս ընտրության հարցում մեծ աջակցություն եմ ստացել ծնողներիս, հարազատներիս և, իհարկե,  ուսուցիչներիս կողմից։

Այո՛, ինչպես դուք եք նշում՝  կենսաբանությունը ժամանակատար և զարգացող ոլորտ է։ Բայց այդ երկար պահանջվող ժամանակահատվածը քեզ համար դառնում է նպատակ այն ժամանակ, երբ սիրում ու գնահատում ես քո մասնագիտությունը։ Եվ ես հպարտորեն կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ հենց այս մասնագիտությունն եմ ընտրել և կրում  եմ ԵՊՀ-ի  ուսանողուհի կոչումը։

Կթվարկե՞ք այն ոլորտները, որոնցում կարող է մասնագիտանալ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտը: Անձամբ Դուք ո՞ր ուղղությամբ եք ծրագրում շարունակել ուսումը:

Մեր ֆակուլտետը շատ լայն հնարավորություններ է տալիս իր ուսանողներին։  Ֆակուլտետը կազմված է երեք բաժիններից՝ կենսաբանություն, կենսաքիմիա, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա։  Ինչպես նաև մեր՝ կենսաբանության բաժինը կազմված է հինգ ամբիոններից. դրանք են`մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, կենդանաբանության, գենետիկայի  և բջջաբանության, էկոլոգիայի և բնապահպանության, բուսաբանության և սնկաբանության ամբիոնները։ Այս ամբիոններում, որպես նեղ մասնագետներ, ուսանողները սկսում են մասնագիտանալ երրորդ կուրսից սկսած։ Ես, արդեն լինելով երրորդ կուրսի ուսանողուհի, կատարել եմ իմ ընտրությունը՝ դա էկոլոգիայի և բնապահպանության ամբիոնն է։ Ներկայի համար  ընտրել եմ  հենց այդ ուղղությունը։

 Ի՞նչ առաջնահերթ տեղեկատվության պետք է տիրապետի այն ուսանողը,  որը ԵՊՀ առաջին կուրսում է սովորում:

Իմ կարծիքով, առաջնահերթությունը միանշանակ պետք է տալ օտար լեզուների իմացությանը, քանի որ դա ներկա դրությամբ շատ կարևոր ու խնդրահարույց հարց  է հանդիսանում ուսանողներից շատերի համար։ Եվ օրինակ՝ հենց մեր մասնագիտության համար շատ կարևոր տեղ է զբաղեցնում լեզվի իմացությունը, այն պատճառով, որ  մասնագիտական գրականության գրեթե մեծ մասը գրված է օտար լեզուներով։ Ինչպես նաև կարևոր է համակարգչային գիտելիքներին տիրապետելը, մանավանդ այս դարում։

Ֆակուլտետում քանի՞ տարի է հատկացվում օտար լեզվի դասավանդմանը:

Ֆակուլտետում օտար լեզվի դասավանդմանը հատկացվում է մեկ տարի. անցել ենք ռուսերեն, անգլերեն՝ մեր  ընտրությամբ։

Մայր բուհում կարդացվող դասընթացներից որո՞նք են Ձեզ վրա հատկապես տպավորություն գործել:

Չեմ կարող առանձնացնել, քանի որ մեր համալսարանում՝  առավել ևս ֆակուլտետում, ամեն դասավանդվող առարկա ունի իր հետաքրքրությունն ու յուրահատկությունը և դժվար է տարանջատել դրանք։

Նարե, ո՞ր առարկաներից եք ընդունելության քննություն հանձնել: Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ապա այդ առարակայացանկում փոփոխություններ կկատարեի՞ք:

Ընդունելության քննություն հանձնել եմ միայն կենսաբանություն առարկայից։ Բայց եթե հնարավորություն ընձեռվեր, որպես պարտադիր առարկա, ընդունելության համար կավելացնեի քիմիան,  քանի որ ֆակուլտետում մինչև երրորդ կուրս բավականին խորացված անցնում ենք քիմիա։

Ուսումնառության շրջանում մասնագիտական գրականության ձեռքբերման հետ կապված խնդիրներ առաջանու՞մ են:

Գրականության ձեռքբերման հետ կապված խնդիրներ չեն առաջանում, միայն խնդիրն այն է, որ մասնագիտական գրականության մեծ մասը օտար լեզվով է։

Նարե, հետաքրքիր է, Ձեր համակուրսեցիներից քանի՞սն են այսօր իրենց մասնագիտությամբ աշխատում, և մե՞ծ է այն անձանց տոկոսը, որոնք իրենց միայն կենսաբանության ոլորտում են պատկերացնում:

Մասնագիտությամբ աշխատելը հիմա հնարավոր չէ, քանի որ մենք դեռ չենք ստացել բակալավրիատի  որակավորում, բայց որպես օգնականներ կամ այլ մասնագետներին կից աշխատողներ, օրինակ՝ լաբորատորիաներում, հնարավոր է: Ցավոք, պետք է նշեմ, որ մեծ չէ այն անձանց տոկոսը, որոնք կենսաբանության ոլորտում են իրենց պատկերացնում, և ինձ թվում է՝ դա ուղղակի կապված է այն փաստի հետ, որ իրենք  ուղղակի չեն սիրում իրենց մասնագիտությունը և, այսպես ասած, պատահականորեն հայտնվել են հենց այդ բաժնում՝ ընդունելության արդյունքներից կախված։

Ուսումնառության ընթացքում, ըստ Ձեզ, ամենաբարդ շրջանը ո՞րն է եղել: Առհասարակ, որո՞նք են սերտողության տեսանկյունից բուհում դասավանդվող բարդագույն առարկաները:

Միանշանակ, առանց մեկ վայրկյան մտածելու կասեմ, որ ամենաբարդ շրջանը  առաջին կուրսն է, քանի որ դպրոցից հետո գալիս ես նոր միջավայր, նոր մարդիկ, դասավանդման այլ ձևաչափ և, իհարկե, ավելի ծանրաբեռնված գրաֆիկ, բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր առարկաներ։ Բայց ժամանակի ընթացքում արդեն սովորական է դառնում, և նույնիսկ չես կարողանում առանց բուհի պատկերացնել օրդ։ Սերտողության տեսանկյունից, որպես բարդ առարկաներ, ինձ համար եղել են մաթեմատիկան և ֆիզիկան, որը  բավականին խորացված ձևով ենք անցել և բավականին երկար ժամանակահատված։

 

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա ուսանողներին:

Սիրելի ուսանողներ՝

1․ Քայլեք միշտ առաջ, նույնիսկ խնդիրների կամ անհաջողությունների դեպքում՝ մի՛ հանձնվեք։

2 Լսելի դարձրեք  ձեր ձայնը։

3․ Իմացեք  ձեր  պարտականությունները և իրավունքները։

4 Նոր ու հետաքրքիր գաղափարների դեպքում կիսվեք ձեր դասախոսների հետ և խնդրեք, որ աջակցեն ձեզ։

5․ Ձեր մասնագիտությունն ուսումնասիրեք բոլոր տեսանկյուններից։

6 Հնարավորինս նվիրվեք ձեր  մասնագիտությանն ու աշխատանքին։

7 Ձեր գիտելիքներն օգտագործեք ի նպաստ երկրի զարգացման ու հզորացման։

 

Օլյա Շահինյան

 

30769