Հայ-Ռուսական համալսարանում իր գործունեությունն է սկսել «Ներդաշնակություն» հոգեբանական աջակցության և զարգացման կենտրոնը, որի գլխավոր նպատակներն են ազգաբնակչության հոգեբանական առողջության պահպանումը և ամրապնդումը, անձի կենսագործունեության ու կրթական գործունեության համար բարենպաստ սոցիալ-հոգեբանական և հոգեբանամանկավարժական պայմանների ստեղծումը:

 

Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Հոգեբանության ամբիոնի վարիչ Ասյա Բերբերյանի հավաստմամբ՝ ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանի նախաձեռնողական աջակցությամբ ստեղծած վերոնշյալ կենտրոնն իր մեջ ներառում է հոգեբանական ծառայությունը, հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիան, կադրերի պատրաստման և վերապատրաստման և «Իմ ընտրություն» դիմորդների մասնագիտական կողմնորոշման և անձնական աճի բաժինները։ «Մենք մեր կենտրոնի ծառայությունները մատուցում ենք օնլայն և առկա ձևաչափերով։ Մարտին մենք անվճար հիմունքներով անցկացրել ենք «Սթրեսի կառավարում» վեբինարը, որի միջոցով փորձեցինք օգնել մեր ուսանողներին (բակալավրիատ և մագիստրատուրա) ձևավորել սթրեսային իրավիճակի համարժեք ընկալում, գնահատել սեփական սթրեսակայունությունը, խուսափել ծանր հետևանքների բերող սթրեսային վիճակներից, տիրապետել հակասթրեսային հաղորդակցության հմտություններին՝ խուսափելով սթրեսերից, մշակել սթրեսային իրավիճակներն արդյունավետ վերապրելու անձնական ռազմավարություն»,- նշել է նա։

 

Նա շեշտել է, որ «Ներդաշնակություն» հոգեբանական աջակցության և զարգացման կենտրոնը և ՀՌՀ-ի Հոգեբանության ամբիոնն առաջարկում են նաև վճարովի դասընթացներ ինչպես մեր համալսարանի ուսանողների, այնպես էլ բոլոր ցանկացողների համար։ «Մեր կենտրոնի և համալսարանի ամբիոնի հոգեբանները, հոգեթերապևտները մի շարք թեմատիկ թրեյնինգների շարք են նախապատրաստել, որին կարող են գրանցվել բոլոր ցանկացողները (ՀՌՀ-ի ուսանողների համար նախատեսված են զեղչեր)։ Մեկ թրեյնինգի տևողությունն է 12-18 ժամ, որի ավարտից հետո տրվելու են սերտիֆիկատներ (գրանցվել կարելի է [email protected] էլ․ հասցեով և/կամ 098 050-869, 093 566-272 հեռախոսահամարներով)»,- հավելել է Ասյա Բերբերյանը։

 

ՀՌՀ մամուլի ծառայություն

 

 

 

 

06 Ապրիլ, 2021 10:04
107
; ;