ՀՀ դատախազությունը շարունակում է խոշտանգումների դեմ պայքարի իրավական գործիքակազմի կատարելագործման ուղեգիծը:

2020 թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստվել է 47 նյութ, որը 17.5%-ով ավելի է 2019 թ. համեմատ: Դրանց արդյունքում հարուցվել է 37 քրեական գործ, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է շուրջ 11%-ով:

2020 թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննված 6 քրեական գործ՝ 11 անձի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ, եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածով, 4-ը՝ 7 անձի վերաբերյալ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Պահպանվել է արդեն մի քանի տարի շարունակվող՝ նշված հանցակազմերով դատարան ուղարկվող ինչպես գործերի, այնպես է դրանցով քրեական հետապնդման ենթարկվող անձանց թվի ավելացման միտումը՝ վկայելով այս բնույթի հանցագործության դեպքերի արձանագրման, բացահայտման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվող քրեական քաղաքականության արդյունավետությունը: Համեմատության համար նշենք, որ 2019 թ. դատարան էր ուղարկվել 5 նման քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, իսկ 2018 թ.՝ 3 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ:

07 Ապրիլ, 2021 15:15
96
; ;