ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2021 թվականի առաջին եռամսյակի (հունվար-մարտ) արդյունքներով:

Այսպիսով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 260 մլրդ 170 մլն 72 հազար դրամի հարկեր եւ տուրքեր:

Ինչպես գրում է armtimes.com-ը, այս առումով որոշակի փոփոխություն է կատարվել: Նախորդ տարիներին ցանկում հայտնվում էին միայն բիզնես գործունեություն իրականացնող կամ, այսպես ասած, շահույթ հետապնդող ընկերությունները: Այս տարի ցանկում ներառվել են նաեւ շահույթ չհետապնդող մարմինները, այդ թվում՝ պետական մարմինները: ՊԵԿ-ը նույն մեթոդով տեղադրել է նաեւ նախորդ տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների տվյալները՝ ցանկում ներառելով նաեւ պետական մարմիններին:  

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել են 275 մլրդ 315 մլն 899 հազար դրամ հարկեր եւ տուրքեր: Այսինքն՝ 2021-ի առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը նվազել են 15 մլրդ 145 մլն 827 հազար դրամով կամ 5.5 տոկոսով:  

ՊԵԿ-ը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է հավաքագրել 332.9 մլրդ դրամ։ Միայն 1000 խոշոր հարկատուները ապահովել են ընդհանուր հարկերի շուրջ 78.2 տոկոսը։

2021 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 704 մլն 826 հազար դրամ հարկերով: 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 918 մլն 575 հազար դրամով կամ շուրջ 5.2 տոկոսով։

2-րդ խոշոր հարկատուն պետական մարմին է, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը: Նրանց վճարած հարկերը 2021-ի հունվար-մարտին կազմել են 15 մլրդ 51 մլն 743 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 6 մլրդ 140 մլն 510 հազար դրամով կամ 68.9 տոկոսով:  

3-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ վճարած 9 մլրդ 770 մլն 690 հազար դրամի հարկերով: Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 4 մլրդ 665 մլն 514 հազար դրամով կամ շուրջ 91.4 տոկոսով:

4-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 4 մլրդ 139 մլն 508 հազար դրամ հարկերով: 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն նվազել է 58 մլն 12 հազար դրամով կամ շուրջ 1.4 տոկոսով:

5-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 775 մլն 493 հազար դրամ հարկերով: 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերը նվազել են 148 մլն 551 հազար դրամով կամ շուրջ 3.8 տոկոսով:

6-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ Հայաստան»-ն է։ Նրանք առաջին եռամսյակում վճարել են 3 մլրդ 549 մլն 246 հազար դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 148 մլն 838 հազար դրամով կամ շուրջ 4.4 տոկոսով:

7-րդ խոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 140 մլն 576 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 12 մլրդ 122 մլն 904 հազար դրամով կամ շուրջ 4 անգամ:

8-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 64 մլն 588 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 60 մլն 280 հազար դրամով կամ շուրջ 1.9 տոկոսով:

9-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 2 մլրդ 606 մլն 708 հազար դրամի հարկերով։ Նրանց վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 279 մլն 24 հազար դրամով կամ շուրջ 32.8 տոկոսով:

1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիփիես Օիլ» ընկերությունը՝ վճարած 2 մլրդ 580 մլն 112 հազար դրամի հարկերով: Նրանց վճարած հարկերը եւս նվազել են, այս դեպքում՝ 1 մլրդ 821 մլն 419 հազար դրամով կամ շուրջ 41.4 տոկոսով:

Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում

 

882