Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանի մահվան կապակցությամբ:

 

«Խորին ցավով տեղեկացա իմ ընկերոջ՝ ֆրանսահայ ականավոր գործիչ, արցախյան ազատամարտի հերոս, Մոնթե Մելքոնյանի (Ավո) սխրակից ու համախոհ, մարտական ընկեր Աշոտ Շմավոնյանի և նրա սիրելի տիկնոջ միաժամանակյա կորստյան բոթին։

 

Մեծ է Աշոտ Շմավոնյանի ներդրումը ֆրանսիական սփյուռքում հայեցի ազգային արժեհամակարգի պահպանման գործում։

 

Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է Հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության ճանաչման հարցում:

 

Հայազգի քաջորդին ֆրանսիական բանակի եռանդուն ռազմական գործիչ էր, անցյալ դարի 70-ականներին սփյուռքում սկիզբ առած հայ ազատագրական շարժման առաջնորդներից:

 

Անուրանալի է մեծ հայրենասերի վաստակը հատկապես Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցության գործում։

 

Իր մարդասիրական և բարեգործական ծրագրերով նա Արցախի և հայ ժողովրդի կողքին էր նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմի օրերին։

 

Համոզված ենք, որ մեծ հայորդու լուսավոր հիշատակը վառ է մնալու, և մեր ժողովուրդը նրան ընդմիշտ հիշելու է հպարտության ու երախտագիտության զգացումներով։

 

Նրա հեռացումը մեծ կորուստ է հայ ժողովրդի համար։ Մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Արցախի նվիրյալի զավակներին, հարազատներին, ընկերներին»,- ասված է ցավակցական հեռագրում։

19 Ապրիլ, 2021 11:55
81
; ;