ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք հիմնելու մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպմանը։

Հանդիպմանն առկա ձևաչափով մասնակցել են Հայաստանի և Իրանի պատվիրակությունները և առցանց ձևաչափով (կորոնավիրուսի համավարակով պայմանավորված)՝ Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի պատվիրակությունները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՏԿԵ փոխնախարարն անդրադարձել է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման դեպքում Հարավային Ասիայից ու Պարսից ծոցի նավահանգիստներից դեպի Սև ծով և այնուհետև դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ անցնող ամենակարճ ճանապարհով (Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով) միջազգային տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու հեռանկարներին և առավելություններին։

Հանդիպման ընթացքում մասնակից պատվիրակությունները քննարկել են համաձայնագրի նախագծի մի շարք դրույթների շուրջ իրենց դիրքորոշումները և այդ դրույթների վերջնական համաձայնեցման տարբերակները։ Հանդիպման ավարտին ստորագրվել է արձանագրություն, որով նախատեսվում է համաձայնագրի նախագծի համաձայնեցումն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների հաջորդ հանդիպումն անցկացնել Բուլղարիայի Հանրապետությունում։

21 Ապրիլ, 2021 12:49
107
; ;